Էլեկտրաէներգիայի սակագինը հաճախակի բարձրացնելը այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ աշխատավարձը նույն տեմպով չի բարձրանում, մարդկանց սոցիալական իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 3,8 դրամով թանկացնելու ՀԾԿՀ որոշմանը։

«Այս ամենը հանգեցնում է աղքատությանը մոտ մի այնպիսի աստիճանի, որ մարդ կամազուրկ է դառնում եւ այդ առումով դառնում ավելի կառավարելի։ Սեպտեմբերից ես էլ եմ հայտնվելու այդ նույն անօգնական վիճակում, որովհետեւ կախված եմ էլեկտրաէներգիայից, եւ  նրանք օգտվում են դրանից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Անդրադառնալով սակագինը բարձրացնելու այն հիմնավորմանը, թե ՀէՑ-ը ֆինանսական ճեղքվածք ունի եւ սակագնի ներկայիս չափի պահպանման դեպքում սնանկացման վտանգ կարող է առաջանալ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ՀԷՑ աշխատակիցների թվի եւ միջին աշխատավարձերի աճի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նշած թվերը  գումարելով կարելի է ստանալ «ահռելի թիվ», որով ոչ թե մեկ ձեռնարկություն, այլեւ մի ամբողջ երկիր կարելի է սնանկացնել։

«Եվ որպեսզի դա տեղի չունենա, ժողովրդին են սնանկացնում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Բարձրացված սակագները բոյկոտելու եւ վճարումներ չկատարելու համընդհանուր ակցիայի դեպքում իրավապաշտպանը պատրաստ է միանալ, բայց կարծում է, որ բողոքի ակցիաներն այս դեպքում ավելի քիչ օգուտ կտան, քան հարցը իրավական հարթություն լուծելու փորձը։

«Ես խորհրդակցելու եմ իրավաբանների հետ՝ համոզվելու համար, թե կարող ենք արդյոք այդ պետական մարմնի որոշումը վիճարկել Վարչական դատարանում, քանի որ թվերը, որոնք արդեն շրջանառության մեջ են դրված, սարսափելի են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կարծիքով էլ՝ եթե թանկացման դեմ բողոքի ակցիաներին փոքր թվով քաղաքացիներ են մասնակցում, դա դեռ չի նշանակում, որ նրանք դժգոհ չեն։

«Պայքարողները միշտ քիչ են եղել, բայց եթե դուրս չեն եկել պայքարելու, դա չի նշանակում, որ հենց այդ նույն պաշտոնյան, ոստիկանը, դատախազը, բոլորը իրենց ներսում չեն ընդվզում այս ամենի դեմ»,- նշելով, որ եթե սեպտեմբերի 1-ից սակագինը բարձրանա, ինքն էլ ստիպված կվճարի։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, որով Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան այս տարվա օգոստոսի 1-ից կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ՝ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն, հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին: