Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ձգձգման պատճառները դեռ հայտնի չեն, ամեն դեպքում քաղաքական որեւէ խնդիր չկա: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Պայմանավորվածություն է եղել, որ նախագահները հուլիսի 3-ին պետք է հանդիպեին, սակայն չեն հանդիպելու: Համոզված եմ, որ մինչեւ տարվա վերջ այս խնդիրը լուծում կստանա: Թե ինչու է ձգձգվում, պատճառները դեռ հայտնի չեն, ամեն դեպքում քաղաքական որեւէ խնդիր չկա: Մենք որեւէ խնդիր չունենք, մեր պարտավորությունները արել ենք: Հուլիսի 11-ին էլ ես հանդիպելու եմ ՌԴ վարչապետի հետ Սոչիում, աշխատանքային հանդիպում է լինելու, որի ընթացքում կքննարկվի նաեւ այս հարցը: Ինչքանով ես եմ տեղյակ, շուտով նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն»,- ասաց նա:

Նշենք, որ ըստ ղազախական կողմի` Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի միայն հոկտեմբերին: