Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է լուծել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչների մի շարք խնդիրներ։ Այսօր՝ հուլիսի 5-ին, սահմանամերձ շրջան այցելության ժամանակ նա հանդիպել է գյուղի եկեղեցու մոտ հավաքված բնակիչներին, լսել նրանց խնդիրները։

Գյուղացիները դժգոհեցին, որ իրենց գյուղում կոմբայն չկա, եւ իրենք չեն օգտվում այն արտոնություններից, որ ունեն սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչները։ Նրանք վարչապետին խնդրեցին հնարավորության սահմանում փոխհատուցել սպառված էլեկտրաէներգիայի եւ գազի գումարները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հովիկ Աբրահամյանը խոստացավ «փորձել ինչ-որ բան անել»։ Նա փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին հանձնարարեց 1 մլն դրամ հատկացնել Մովսես գյուղի բնակիչների գազի հաշվիչների տարեկան սպասարկման գումարը փոխհատուցելու համար։ Բացի դրանից՝ վարչապետը խոստացավ, որ մեկ ամսվա ընթացքում գյուղացիները կոմբայն կունենան։

Մովսեսցիները նշեցին, որ գյուղում կա 15 ուսանող, որոնք չեն կարողանում շարունակել ուսումը, քանի որ ի վիճակի չեն վճարել ուսման վարձը։

«Այսօրվանից համարեք, որ այդ հարցը լուծված է։ Նրանց ուսման վճարները ամբողջությամբ կփոխհատուցվեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։

Վարչապետը նաեւ հանձնարարեց սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանել խորհրդային բանկերում ավանդներ ունեցած սահմանամերձ գյուղերի բնակիչների ցուցակն ու առաջնահերթ նրանց ավանդները փոխհատուցել։ Տարեց գյուղացիներից մեկը կասկածանքով դիմեց գյուղապետ Արարատ Ավալյանին. «Եթե վիզ եք վեկալում...»։

«Ես չեմ վիզ վեկալում, պարոն վարչապետն ա խոստանում»,- ասաց գյուղապետը, Հովիկ Աբրահամյանն էլ ծիծաղելով նկատեց. «Էս մարդը իմ վզի հնարավորությունները չգիտի։ Դու իմ վզի վրա հույս դիր»։

Նշենք, որ Մովսես գյուղից վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Վերին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ էլ ավարտեց այցը Տավուշի սահմանամերձ գյուղեր։ Հիշեցնենք, որ մինչեւ այդ վարչապետն այցելել էր հակառակորդի դիպուկահարների թիրախում գտնվող Պառավաքար-Վազաշեն ճանապարհը շրջանցող նոր կառուցվող այլընտրանքային ճանապարհի շինհրապարակ։ Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։