Արագաչափերի, կարմիր գծերի եւ տեսախցիկների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հերթական ավտոերթին այսօր՝ հուլիսի 7-ին, միացել էին նաեւ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները։ Ավտոերթը մեկնարկեց Երեւանի Մյասնիկյան պողոտայից եւ ավարտվեց Բրազիլիայի հրապարակում։ Երթի մասնակիցները երկու տասնյակից ավելի ավտոմեքենաներով ազդանշաններ տալով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ՝ Բրազիլիայի հրապարակ։

Երթի մեկնարկին Մյասնիկյան պողոտայում էր նաեւ Երեւանի ՃՈ վարչության պետ Արսեն Արշակյանը։ Նա երթի մասնակիցներին ասաց, որ թույլ կտա երթն անցկացնել, բայց խնդրեց, որ մեքենաները Հանրապետության հրապարակ չմտնեն։

«Հանրապետության հրապարակը կլյուչեվոյ նշանակություն ունի, քաղաքը կարող է պարալիզացվել»,-պարզաբանեց Արսեն Արշակյանը։

Ակցիայի մասնակիցները համաձայնության եկան նրա հետ՝ խոստանալով պտույտներ չտալ հրապարակում եւ միայն մեքենաներով անցնել այնտեղով, ապա երթը շարունակել Վազգեն Սարգսյան փողոցով։ Երթի մեկնարկից առաջ Արսեն Արշակյանը նաեւ սեղմեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի ձեռքը, որն էլ իր հերթին խոստացավ երթով չխոչնդոտել քաղաքի երթեւեկությունը։ Ավտոերթն ավարտվեց Բրազիլիայի հրապարակում։

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: