Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջարկում է Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի 100 տոկոսով կարկտահարված ցորենն օգտագործել որպես անասնակեր: Այսօր՝ հուլիսի 8-ին, աշխատանքային այցով Շիրակի մարզ մեկնած նախարարի առաջարկը մեծ դժգոհություն առաջացրեց հովտաշենցիների մոտ:

«Պարոն նախարար, դուք տեսաք, համոզվեցիք, որ դաշտը կարկտահարված է ոչ թե 100, այլ ավելի տոկոսով: Հիմի մեզ կառաջարկեք հավաքել եւ անասնակեր սարքել: Մենք էսքան վարկ ենք վերցրել, 5-10 հեկտար ցանել ենք, միլիոնների գումար ենք ներդրել, որ առաջարկում եք անասնակեր դարձնել, բա վարկը որտեղի՞ց փակենք»,- ասաց հովտաշենցիներից մեկը:

«Կովն անգամ էս հավաքածը չի ուտի»,- դժգոհեց գյուղացիներից մեկը, ինչին նախաարը պատասխանեց. «Կուտի, որ սոված մնա, լավ էլ կուտի»։

Գյուղնախարարը, լսելով վարկերի մասին, խոստացավ վերանայել գյուղացիների վերցրած վարկերը. «Մենք կնայենք վարկերը, ու օգուտ կտանք գյուղացիներին, որ գոնե շատ չտուժեք»:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ գյուղնախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ ոստիկանության աշխատակիցների հետ այցելել է կարկտահարված ցանքատարածություններ եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարի հետ հանդիպման է եկել ամբողջ գյուղը: Ի դեպ, հուլիսի 7-ին տեղի ունեցած կարկուտից հետո այս համայնքը հոսանքազրկված է:

Նշենք, որ Հովտաշենից հետո Սերգո Կարապետյանն այցելելու է Ախուրիկ եւ Ղարիբջանյան համայնքներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան եւ Ախուրիկ համայնքների բնակիչները հուլիսի 7-ին փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի մարզպետը եւ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը անձամբ գան ու տեղում միասին գնահատեն նույն օրը երեկոյան ժամը 17։00-ից մոտ մեկ ժամ տեղացած հորդ անձրեւի, ապա մոտ 18 րոպե տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքները, որը մեծ վնաս էր հասցրել ցանքատարածություներին եւ բանջարաբոստանային կուլտուրաներին։