ԼՂՀ Քարվաճառի տարածք հուլիսի սկզբին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները ռազմական հանցագործներ են եւ պետք է պատժվեն ԼՂՀ օրենքներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀ կենտրոնական հավաքակայան այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանցիները կփորձեն ռազմագերու կարգավիճակ տալ դիվերսիոն խմբի անդամներին, բայց ԼՂՀ ղեկավարության եւ մեր տեսակետն այն է, որ նրանք վարձկան հանցագործներ են, եւ պիտի պատժվեն ԼՂՀ օրենքներով: Նրանք անօրեն թափանցել են, անօրեն գործողություններ իրականացրել՝ սպանելով երկու հոգու եւ վիրավորելով մեկ զինծառայողի կնոջ»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ դիվերսանտները կպատժվեն՝ հաշվի առնելով նաեւ միջազգային հանրության որոշ օրենքներ:

«Իրենք կարող են նաեւ փաստաբաններ ընտրել։ Բայց այն անձինք, որոնք թափանցել են ԼՂՀ տարածք եւ այդ տարածքում անօրեն գործողություններ կատարել, կարծում եմ՝ պետք է պատասխան տան հենց այդ երկրի օրենքներով»,- ասաց նախարարը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ  գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: