ԼՂՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում հուլիսի 21-26-ը մոտ 60 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախի Հանրապետությունից մասնակցեցին «ԷկոԽնձրիստան առողջ ապրելակերպի ոստան» խորագրով վրանային ճամբարին, որի նպատակն էր ուսումնասիրել համայնքում տեղէկոտուրիզմի զարգացման եւ էկոգյուղերի ստեղծման հնարավորությունները:
«Տարածաշրջանն էկոգյուղեր ստեղծելու եւ էկոտուրիզմը զարգացնելու իսկապես մեծ պոտենցիալ ունի եւ մեր ծրագրի նպատակն է այստեղ գալով գյուղի խնդիրները վերհանելը, փորձել լուծումներ առաջարկել եւ տեղի բնակիչներին բացատրել, թե, ինչ է իրենից ներկայացնում էկոգյուղը»,- NEWS.am-ին ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը:
Արդեն երկրորդ տարին իրականացվող ծրագրի շնորհիվ մեծ թվով տեղացի երիտասարդներ են ներգրավվել ծրագրին։
«Փորձել ենք ոչ ֆորմալ կրթության շրջանակներում անցկացնել թրեյնինգներ բնապահպանության, առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ, նաեւ փորձ է արվում մշակել էկոգյուղի մոդելը, որը մեկ գյուղի հաջողության դեպքում, կշարունակենք այլ գյուղերում եւս»,- NEWS.am-ին ասաց Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանը:
Այս տարվա «ԷկոԽնձրիստան» վրանային ճամբարի ֆինանսավորումը իրականացվել է ՀՀ Սպորտի եւ Երիտասարդության նախարարության դրամաշնորհային ծրագրի տրամադրած միջոցներով: Էկոգյուղերը որպես առողջ ապրելակերպի համար հարմար վայրեր առաջացել են Կենտրոնական Եվրոպայում։ Դրանց նպատակն է արդյունավետ օգտագործել տեղի բնական ռեսուրսները, դրա շնորհիվ ապահովել համայնքի ակտիվ զարգացումն եւ բարեկեցությունը, ինչպես նաեւ աջակցել էկոտուրիզմի զարգացմանը, որը հնարավորություն կտա ներգրավել տարբեր զբոսաշրջիկների եւ ապահովել շահույթ:
Նշենք, որ առաջին վրանային ճամբարը կազմակերպվել է 2013թ. Արցախի Պատարա գյուղում՝ կրելով «ԷկոՊատարա» անվանումը: Հաջորդ տարի ճամբարը կհյուրընկալվի Աստղաշեն գյուղում եւ համապատասխանաբար կանվանվի «ԷկոԱստղաշեն»։











