«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու 15 ուսանողներ ու շրջանավարտներ, որոնք  հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» մեկամսյա ծրագրով վերջին 10 օրերը Դիլիջանում էին անցկացրել, տեղի երիտասարդների հետ համագործակցելով Դիլիջանում բիզնեսի զարգացման ծրագրեր են մշակել: Ուսանողներն այսօր՝ հուլիսի 29-ին, նախագահական նստավայրում հրավիրված հանդիպման ժամանակ իրենց ծրագրերը ներկայացրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Երիտասարդները Դիլիջանում 10 օրերի ընթացքում կազմակերպել էին բիզնեսի եւ ֆինանսների վերաբերյալ սեմինարներ, դրամահավաք էին անցկացրել Դիլիջանի մշակույթի կենտրոնի վերանորոգման համար, «Դիլիֆեստ» խորագրով շախմատի առաջնություն կազմակերպել:

Ծրագրի մասնակից, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ժամանած Սարին Շամիրյանը նախագահին ներկայացրեց դիլիջանցի մի աշակերտի գաղափարը, որով նա առաջարկում է ստեղծել «հեծանիվ սրճարան» եւ դրա միջոցով սուրճ վաճառել Դիլիջանում: 

«Էդ տղան ուզում էր թեյարան ստեղծել: Ինքն էլ զգում էր, որ չկա մի տեղ, որտեղ ընկերների հետ կարող է գնալ,  հաճույք ստանալ: Հետո հասկացանք, որ բարդ է մի տեղ վարձելը սրճարանի համար, կարելի է ավելի հասարակ մի բան անել: Նա առաջարկեց անիվների վրա սրճարան պատրաստել, հեծանիվով սուրճը պտտեցնել քաղաքում ու վաճառել այն»,- NEWS.am-ի հետ զույցում ասաց Սարին Շամիրյանը՝ նշելով, որ մինչեւ ԱՄՆ վերադառնալն ինքը կայցելի այդ տղային, կաջակցի, որ նա իրականացնի իր գաղափարը:

Սարին Շամիրյանի խոսքով՝ ԱՄՆ է վերադառնալու միայն նրա համար, որ ծնողներն այնտեղ են։ Ինչպես աղջիկը նշեց, մեծ ցանկություն ունի հայրենիքում մնալու, առավել եւս, որ  այս ընթացքում արդեն որոշ չափով հասցրել է ծանոթանալ տեղի խնդիրներին, անգամ լուծումներ է գտել դրանց համար: Դիլիջան այցելության ժամանակ շփվել է տաքսու վարորդների հետ, նրանք բողոքել են, որ ստիպված են տաքսու վարորդի աշխատանքը կատարում:

«Բողոքում էին, որ աշխատանքը, որ կա, ոչ թե աշխատանք է, այլ ծառայություն: Վարորդներից մեկը բողոքեց, որ Դիլիջանում մի գործարան կար, դա էլ փակել էին: Շատ էր տխուր, ուզում էր լավ, նպատակով գործ ունենալ, տաքսու վարորդ չլինել»,- ասաց նա:

Սփյուռքահայ երիտասարդի խոսքով՝ նման խնդիրները հնարավոր է լուծել. միայն անհրաժեշտ է, որ մարդիկ համագործակցեն միմյանց հետ, օգնեն իրար: Երիտասարդ աղջկա կարծիքով՝ դրա հետ մեկտեղ պետք է որ Հայաստանում բնակվող հայերն ամենից առաջ արժեւորեն իրենց հայրենիքը:

«Հայ ըլնելը մի ուրիշ բան ա: Նախքան էստեղ գալը ես այս բաները չէի  հասկանում, չէի հասկանում հայ ըլնելու արժեքը: Հիմա հասկանում եմ, որ մեր ապագան սփյուռքում չի, ապագան Հայաստանում ա, էստեղ ա մեր արմատը»,-ասաց Սարին Շամիրյանը: 

Նշենք, որ «Լույս» հիմնադրամն այս տարի 57 ուսանող ունի: Նրանցից 29-ը Հայաստանից են, մնացածը՝ արտերկրում ապրող հայ երիտասարդներն են: