Ազատագրված Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին դիպուկահարի կրակոցից զոհված 42-ամյա պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը մահից երկու ժամ առաջ խոսել է կնոջ հետ եւ ասել, որ երեխաներին լավ նայի: «Կնոջ հետ խոսելուց հետո եղբոր հետ է խոսել ու ասել ՝ իմ ախպեր, ամեն ինչ լավ ա, վերջին խոսքը դա է եղել»,- NEWS.am-ին պատմեց Արամ Գրիգորյանի եղբոր կինը ՝ Քնքուշ Դավթյանը:

Քնքուշ Դավթյանի խոսքով՝ Արամ Գրիգորյանը 24 տարի՝ որպես պայմանագրային զինածառայող, ծառայել է ԼՂՀ տարբեր շրջաններում. «Երկու ամիս անցել էր իր կնքած պայմանագրից, բայց ասում էր՝ երկու տարի էլ հողս պաշտպանեմ, նոր անցնեմ թոշակի: Ինքն այն տղաներից չէր, որ գլուխը հանգիստ կարողանար դնել բարձին ու քնել: Արամը մասնակցել  է Արցախյան ազատամարտին, կռվել է Մոնթեի ջոկատում, մասնակցել է նաեւ Ֆիզուլիի ճակատամարտին»:

Արամ Գրիգորյանը ծնվել է Վերին Բազմաբերդ գյուղում, 6 տարի առաջ բնակարան էր գնել եւ տեղափոխվել Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղ:

Բարեկամուհին պատմեց, որ համագյուղացիները Արամին «Երգող Ռուբո» են անվանում:

«Գյուղում իրեն Ռուբո անունով են ճանաչում: Լավ ձայն ուներ եւ երգում էր, դրա համար իրան տվել են «Երգող Ռուբո» մականունը: Դիրքերում էլ էր երգում, ընկերներին ոգեւորում: Ինքը շատ հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ ունի գրած»,-ասաց Արամի Գրիգորյանի եղբոր կինը:

42-ամյա Արամ Գրիգորյանը ունի երեք երեխա. կրտսեր որդին ՝ 1.5-ամյա Ռազմիկը, դեռ հայրիկ ասել չի կարողանում:

Արամ Գրիգորյանի դին այսօր կբերեն Պարտիզակ:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր: