Նախախորհրդարանի օգոստոսի 6-ին գրասենյակում տեղի է ունեցել Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդմաների մամուլի ասուլիսը, որի ժամանակ անդրադարձ կատարվեց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ընթացքին: Արդեն շուրջ 50 հոգի ինքնառաջադրվել է՝ Երեւանից, ՀՀ մարզերից եւ Սփյուռքից:

Բանախոսները նշեցին, որ Հայաստանում ձեւավորվում է այլընտրանքային կառավարման համակարգ, որի կենտրոնում Հիմնադիր խորհրդարանն է: Այն հանդես է գալու որպես ժողովրդի կամքը ներկայացնող մարմին եւ լեգիտիմացվելու է ժողովրդի կողմից, որից հետո ժողովրդի համախմբման, մոբիլիզացիայի միջոցով ապահովելու է արմատական փոփոխությունների կատարումը:

«Մենք երկիրը չենք տանելու քաոսի, ուստի այսօրվանից պետք է հստակ իմանանք, թե ինչը ինչով ենք փոխարինելու, եւ որ ամենակարեւորն է՝ ո՞րն է երաշխիքը, որ եկողները նոր հրեշներ չեն դառնալու: Պատմությանը հայտնի է, որ հեղափոխությունը մտահղանում են տաղանդները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վերջում ղեկին հայտնվում են տականքները: Այս ամենը լիարժեք գիտակցելով՝ մենք մեր ծրագրում նախատեսել ենք դրանք կանխարգելող մեխանիզմները»,- իր խոսքում նշեց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Այլընտրանքային ընտրական հանձնաժողովի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հիմնավորելով այլընտրանքային խորհրդարանի ձեւավորման կարեւորությունը:

Ասուլիսի բանախոսներն էին՝ Ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը, Ընտրական հանձնաժողովի անդամներ Գայանե Ավագյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը: