Հայաստանի եզդիների միությունը ՀՀ կառավարությունից հումանիտար օգնություն է խնդրում Իրաքի եզդիների համար: Մի քանի տասնյակ եզդիներ այսօր՝ օգոստոսի 7-ին, «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» գրությամբ պաստառներով, հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ ցանկանում էին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Հայաստանում բնակվող 60 հազարից ավելի եզդիները վստահաբար արել են այնքան բան, որ այսօր Հայաստանի կառավարությունը եւ իշխանությունները պետք է միայնակ չթողեն Իրաքում դժբախտության մեջ հայտնված եզդի ժողովրդին: Քանի որ մենք պետականություն չունենք, հնարավորություն չունենք ներայացված լինելու միջազգային կառույցներում, ու մեր խնդրանքն է, որ Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում այդ խնդիրը բարձրացնի միջազգային կառույցներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Թամոյանը, նշելով, որ իրենց խնդրանքը կարող է կատարել ՀՀ ԱԳՆ-ն:
Բորիս Թամոյանի խոսքով, Հայաստանը, Իրաքում բնակվող եզդիներին մարդասիրական օգնություն ցույց տալով, կհաստատի, որ հայերը եւ եզդիները բարեկամներ են. «5000-ից ավելի եզդիներ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են ու այժմ էլ հայերի հետ հավասար սահման են պահում: ՀՀ նախագահն ու վարչապետը բազմիցս ասել են, որ Հայաստանը եզդի ժողովրդի բարեկամն է , բարեկամությունը այստեղ է երեւում: Եթե 300 հազար եզդիների սպանդը իրենց համար այնքան էլ կարեւոր չէ, որ կարողանան մեզ ընդունել, դա իրենց որակների մասին է խոսում: Սա նման է 1915 թ հայերի կոտորածին, եթե 2015թ ընդառաջ իրենք մեզ միայնակ են թողնում, երեւում է, թե ինչու այն ժամանակ միայնակ թողեցին հայերին»:
Եզդիների ազգային միության փոխնախագահ Խըդր Հաջոյանը նշեց, որ այժմ 300 հազարից ավելի եզդիները լքել են իրենց բնակավայրերը եւ ապաստան են գտել լեռներում, նրանք օգնության կանչեր են հղում:
Հավաքված եզդիները, որոնք եկել էին մանկահասակ երեխաների հետ, մտան կառավարության շենք, բայց վարչապետը նրանց չընդունեց: Կառավարության աշխատակիցները խոստացել են, որ վարչապետը նրանց մոտ օրերս կընդունի:











