«Ազատություն Լեւոն Հայրապետյանին», «Փոխել նրա խափանման միջոցը» գրությամբ պաստառներով եւ Հայաստանի ու Արցախի դրոշներով այսօր՝ օգոստոսի 7-ին, Կասկադ համալիրի մոտից մեկնարկեց «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» կազմակերպած երթը. հավաքված մոտ 300 քաղաքացիները երթը սկսեցին աղոթքով:
Երթի մասնակիցները, «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» կոչերով, շարժվեցին դեպի Բաղրամյան 26 եւ նամակ հանձնեցին նախագահական, ապա շարժվեցին դեպի Ազգային ժողով:
Երթին մասնակցում էր Լեւոն Հայրապետյանի եղբոր որդին՝ Գուրգեն Հայրապետյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե մինչեւ օգոստոսի 13-ը Լեւոն Հայրապետյանին ազատ չարձակեն, իրենք կմտածեն, որ ձերբակալությունը քաղաքական պատվեր է, իսկ իրենք էլ արդեն կդիմեն այլ քայլերի:
«Մենք չէինք սպասում, որ նրան կձերբակալեն, ինքը Ղարաբաղից եկավ, ու օդանավակայանում ձերբակալեցին նրան, բայց գրեցին, որ Մոնակոյից է գալիս, որ ռուս հասարակ ժողովրդի մեջ ատելություն սերմանեն, թե տեսեք նա հարուստ է, ինչ երկրներում է լինում: Մենք մինչեւ օգոստոսի 13-ը կսպասենք: Ինքը ֆիզիկապես շատ վատ է ու Ռուսաստանի օրենքներով չի թույլատրվում, որ նման վիճակում մարդուն կալանավորեն»,- ասաց Գուրգեն Հայրապետյանը:
Երթին մասնակցում են նաեւ քաղաքական գործիչներ, մշակույթի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչներ: Այս պահին նրանք շարժվում են դեպի ՄԻՊ-ի գրասենյակ, որտեղից կքայլեն դեպի ՌԴ դեսպանատուն, ապա արտգործնախարարություն:











