Հայ մարմնակրթական ընդհանուր միություն 10-րդ հոբելյանական բանակումի 800 մասնակցներն այսօր՝ օգոստոսի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էին: Սփյուռքահայ երիտասարդներն  այցելեցին ինստիտուտի թանգարան, նրանց ողջունեց եւ շնորհավորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Հայ մարմնակրթական ընդհանուր միություն 10-րդ հոբելյանական բանակումը համընկավ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պատճառով հայոց զույգ պետությունների սահմաններում տիրող աննախադեպ լարվածությանը: Հակառակորդը փորձեց դիպուկահարների պատերազմից գործողությունները տեղափոխել հետախուզադիվերսիոն դաշտ, սակայն հայկական բանակի փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում հասկացավ այդ դաշտում իր անզորությունը եւ իրավիճակը բավականին հանդարտվեց»,- բանակումի մասնակիցներին իր խոսքն ասաց նախարարը:

Նշենք, որ հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ հոբելյանական բանակումն այս տարի անցկացվում է Բյուրականում, հուլիսի  31-ից օգոստոսի 9-ը:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակումի ընդհանուր խմբապետ Վաչե Նաջարյանը՝ 14-18 տարեկան մասնակիցներն անցած օրերի ընթացքում եղել են Հայաստանի տարբեր բնակավայրերում, ծանոթացել պատմամշակութային կոթողներին:

«Այս բանակումի ընդհանուր առանցքը եղավ ցեղասպանությունը: Ասիկա կօգնե, որ իրենց ազգային դաստիարակությունն ավելի զորանա, եւ, վերադառնալով իրենց երկրներ, իրենց այս տպավորությունները փոխանցեն իրենց ընկերներին»,-ասաց Վաչե Նաջարյանը: