Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում եզդիների սպանդը դադարեցնելու պահանջով այսօր՝ օգոստոսի 8-ին, մի քանի տասնյակ եզդիներ, այդ թվում երեխաներ, «Երեխաները մեղավոր չեն», «Ազատություն եզդիներին» գրությամբ պաստառներով հավաքվել են Հայաստանում Իրաքի դեսպանատան մոտ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ եզդիները պահանջում են հանդիպում Իրաքի դեսպանի հետ, սպառնալով, հակառակ դեպքում իրենք հացադուլ եւ նստացույց կանեն հենց դեսպանատան առջեւ:
«Ինչի՞ դուրս չի գալիս, պատուհանները կջարդենք, մենք ոչ մեկից չենք վախենում»,-վրդովված ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են ցույցեր կազմակերպել նաեւ ԱՄՆ դեսպանատան մոտ՝ այդպիսով միջազգային ուշադրությունն իրենց խնդրին սեւեռելու համար:
«Վերջին շրջանում Իրաքի Շանգալի տարածքում եզդիները ենթարկվում են զանգվածային սպանդի: Սպանդը իրականացնում են իսլամական ահաբեկչական խմբավորումները: Պահանջում ենք, որ Իրաքում բնակվող եզդիներին չոչնչացնեն, մեզ չանարգեն, մեզ ցեղասպանության չենթարկեն: Մենք կանգնած ենք ֆիզիկական բնաջնջման առաջ»,-ասաց նա:











