Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով այս տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը զոհված 19-ամյա Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նրա տանը բացված փառքի սենյակը միշտ մարդաշատ է, Արմենի մայրը միշտ պատրաստ է ընդունել այցելուներին։
«Այցելում են տարբեր կրթահամալիրների սաներ, հատկապես մեծ է մատաղ սերնդի այցելուների թիվը։ Նրանք այցելում են իրենց ուսուցիչների, անգամ ծնողների հետ։ Ես բոլորին էլ սրտաբաց ընդունում եմ, քանի որ այս սենյակը միայն իմ ու Արմենի հոր համար չէ, սա մեր մատաղ սերդի համար հայրենսիրության կենդանի դաս է»,- NEWS.am-ին ասաց Արմենի մայրը՝ տիկին Մարինեն։
Արմենի ծնողները պատմում են, որ տղայի մահվանից 6 ամիս անց էլ նրա պարգեւներն օրեցօր ավելանում են. ծնողները զինվորական պարգեւների կողքին պահպանում են դպրոցականների կողմից Արմենի մասին գրված շարադրությունները։
«Ավագ դպրոցի շատ տղաներ, որոնք հիմա արդեն զորակոչվել են, այնպիսի շարադրություններ էին գրել, որ ուսուցիչներն անգամ հուզված էին։ Տնօրենը արտասվելով հանձնեց ինձ շարադրությունը։ Ես կարդում ու չէի հավատում, որ այդ շարադրությունները տղաներ են գրել, որ ընդամենը երկու-երեք ամսից պետք է զորակոչվեն։ Այդպիսի տողեր գրող տղան դժվար թե վատ անցկացնի իր ծառայությունը»,-ասաց տիկին Մարինեն։
Այսօր էլ Արմենի սենյակում շատ էին ապագա զինվորները։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների պատանիներ այցելել էին Արմենի ընտանիքին։ Նրանց եւ մյուսների այցելությամբ, ինչպես նշեց Արմենի հայրը՝ որոշ չափով թեթեւանում է իրենց վիշտը։
«Շատ անծանոթ մարդիկ գալիս են, այցելում են, մեր կողքին են։ Ես հպարտ եմ, որ Արմենի հայրն եմ, չեմ կասկածում, որ իմ տղան ուրիշ քայլ կարող էր անել։ Մեր հայ ազգի մեջ միշտ կծնվեն հերոսներ։ Ցանկությունն այն է, որ հերոսներ լինեն, բայց լինեն մեր կողքին, ոչ թե լինեն անմահ»,-ասաց Լեւոն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմենին հետմահու պարգեւատրել է առաջին աստիճանի մեդալով:











