«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերերը, որոնք այսօր՝ օգոստոսի 9-ի առավոտյան ներխուժել էին Դավիթաշենի 2-րդ թաղամասում ՍՊԸ-ի կառուցած շենք, սպառնում են հացադուլ սկսել, եթե «Արցախբանկից» եւ Կառավարությունից ներկայացուցիչներ չգան եւ իրենց չխոստանան, որ 10-օրյա ժամկետում կվերսկսեն շենքի՝ կիսատ մնացած շինարարությունը։

«Եթե Կառավարությունը 10 օրվա ընթացքում այս հարցին լուծում չտա,  շենքը չկառուցեն ու բնակարանները չտան մեզ, մենք հացադուլ ենք հայտարարելու այնքան ժամանակ, մինչեւ Սերժ Սարգսյանը անձամբ չընդունի մեզ։ Մենք խնդրում ենք, որ Կառավարությունը այս շենքի շինարարության պատասխանատվությունը վերցնի իր վրա, քանի որ «Արցախբանկը» մեզ խաբել է, խաբում է ու կխաբի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց բնակարանատեր Մանուշակ Մկրտչյանը։

Բնակարանատերերից Աննա Մկրտչյանն էլ դժգոհեց, որ 2 տարի շարունակ իրենք քաղաքակիրթ միջոցներով են պայքարել, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել։

«Եթե չեն կարողանում քաղաքակիրթ ձեւով էս հարցը լուծել, թող գան էս քար ու փոշու մեջ մեզ հետ խոսեն, մեր հարցը լուծեն»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք մարտին նախագահի նստավայր են գնացել, իրենց խոստացել են մոտակա մեկ ամսվա ընթացքում պատասխան տալ, սակայն մինչեւ օրս ոչ մի պատասխան չեն տվել։

10 տարի ՌԴ-ում բնակված եւ վերջերս Հայաստան վերադարձած բնակարանատեր Նունե Կարապետյանը նշեց, որ ինքը, չնայած շենքի կիսակառույց լինելուն, պատրաստվում է այնտեղ ապրել։

«10 տարի է՝ ուզում եմ գալ Հայաստան, չեմ կարողանում։ Ես ինչի՞ պետք է վարձով ապրեմ։  Ես հիմա մնալու եմ իմ բնակարանում ապրեմ, ինչ ուզում են, թող անեն։ Հերիք եղավ արդեն, ինձ սենց էլ ա ձեռք տալիս։ Մարդ չի կարում իր երկրում հանգիստ ապրի։ Մեզ ինֆակտի են հասցրել, թող մարդավարի էս հարցը լուծեն»,-վրդովված ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: