Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Հրապարակ» թերթի եւ «iLur.am» կայքի ներկայացուցիչների միջնորդությունը՝ աղբյուրի բացահայտման գործով դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
«Մեզ համար անակնկալ էր, որ նիստը դռնփակ է եւ դատարանից պահանջեցինք դրա իրավական հիմքերը, դատարանը ներկայացրեց որոշումը վարույթն ընդունելու մասին, որտեղ ներկայացված էր նաեւ գործը դռնփակ քննելու մասին հիմքերը։ Բացի դրանից նախորդ դատական նիստին միջնորդեցինք, որպեսզի դատարանը որոշում կայացնի, եւ անցնի դռնբացի, եւ ներկայացրինք, որ չկա ոչ մի սահմանադրաիրավական հիմք, որով նիստը պետք է դռնփակ անցկացնել, դատարանը մերժեց մեր միջնորդությունը, սակայն այսօր անակնկալ ձեւով դատարանը գտավ, որ պետք է դռնբաց անցկացնի նիստը»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք արդեն վճռաբել բողոք էին ներկայացրել նիստը դռնբաց անցկացնելու հարցով։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ դատարանի որոշմամբ լրատվամիջոցին ստիպելը, որ բացահայտի աղբյուրը, նպատակ է հետապնդում նախադեպ ստեղծել, որ կարելի է միջնորդություններով հանդես գալ եւ ստանալ նյութի աղբյուրը. «Սրա նպատակը մեր կարծիքով այն է, որպեսզի պետական պաշտոնատար անձանց դնեն զսպաշապիկի մեջ, որպեսզի նրանք չտան տեղեկատվություն պաշտոնատար անձանց վերաբերյալ»։ Փաստաբանը հավելեց, որ այսօր դատախազը նոր նյութեր է ներկայացրել, որոնք մինչ այդ գործի մեջ չեն եղել։
«iLur.am» կայքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ այսօր դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը իր անձը հաստատող փաստաթղթի փոխարեն դատարանում ներկայացրել է դատախազության շենք մուտք գործելու անցագիր. «Չնայած դատավորը հավաստիացնում էր, որ անձամբ ճանաչում է դատխազին, սակայն հստակ ընթացակարգ գոյություն ունի, եւ դատավորը նման ծանոթություններով չպետք է առաջնորդվի»։
Փաստաբանի կարծիքով՝ նման դատական նիստերը Հայաստանում խոսքի ազատության դեմ են ուղղված։ «Խոսքի ազատության իրավունքն իրականացնելիս սա մարտահրավեր է լրատվամիջոցներին եւ հասարակությանը, սա խախտում է Սահմանադրությունը եւ չի բխում ժողովրդավարական պետության հիմքերից»,-հավելեց Տիգրան Եգորյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին։
Նշենք, որ «Հրապարակը» եւ iLur.am-ը Վերաքննիչ դատարանում բողոքարկում են առաջին ատյանի դատարանի կայացրած՝ լրատվության աղբյուրը բացահայտելու պահանջով որոշումը: Առաջին ատյանի դատարանը պահանջել էր լրատվամիջոցներից բացահայտել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կողմից հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկատվության աղբյուրը:











