Նավասարդը՝ հայոց տոմարի 4506  ամյակին նվիրված տոնակատարությունը, տասնյակ քաղաքացիներ օգոստոսի 11-ին «Կարին» ավանդական երգի եւ պարի համույթի մասնակիցների հետ միասին Ազատության հրապարակում երգով ու պարով տոնեցին:

«Օրվա խորհուրդը ամենահին նոր տարին նշելն է, որն ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ կապված է Հայկի եւ Բելի ճակատամարտի հետ: 4506 տարի առաջ այս օրը Հայկը իր տոհմին որոշեց ազատել Բելի ճիրաններից եւ իր մեծ աղեղով, եռաթեւ նետով գցեց Բելին՝ վերջնականորեն որոշելով հայ ժողովրդի ապագա ճակատագիրը»,- NEWS.am-ին ասաց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

Տոնակատարության կազմակերպիչների կարծիքով` հայկական տոմարի ստեղծումը հայ ժողովրդի համար լուրջ քաղաքակրթական ձեռքբերում է եղել:

Նավասարդյան տոնակատարությունների մասին հասարակության տեղեկացվածության եւ վերաբերմունքի մասին խոսելիս Գագիկ Գինոսյանը նշեց. «Կարծում եմ հասարակությունը այդքան էլ տեղեկացված չէ, եւ դա մեր բոլորի խնդիրն է: Պետք է լինեն նաեւ կառավարության կողմից կազմակերպվող միջոցառումներ եւ միգուցե այս միջոցառումները նախաշեմն են, որպեսզի հետագայում ավելի շատ միջոցառումներ տեղի ունենան»: