Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 12-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ապացույցների եւ փաստաթղթերի հետազոտումը:

Պաշտպանական կողմը քննիչի աշխատանքը որակեց կողմնակալ եւ սխալ համարեց այն, որ գործին կցված տեսանյութը քննիչը դիտել է տուժողի հետ միասին:

«Փոխարենը տեսանյութը առանձին դիտեր, հետո հարցաքններ տուժողին, որ հասկանար՝ նրա տված ցուցմունքը սխալ է, թե ոչ, ինքը ապացույցը նրա հետ է դիտում: Սա եւս խոսում է այն մասին, որ քննիչը կողմնակալ վերաբերմունք է ցույց տվել»,- ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Արգիշտի Կիվիրյանի մյուս փաստաբանը՝ Լուսինե Սահակյանն էլ ավելացրեց, որ քննիչը չի լսել Արգիշտի Կիվիրյանին` ամեն ինչ արել է, որպեսզի Արգիշտի Կիվիրյանը չկարողանա ցուցմունք տալ, քանի որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում. «Տուժողը մշտապես քննիչի կողքին է եղել, իսկ Արգիշտին հնարավորություն չուներ իր փաստարկները ներկայացնել: Քննիչը կարծես տուժողի մոտ օգնական է եղել նախաքննության ընթացքում»:

Փաստաբանի պնդմամբ՝ երբ Արգիշտի Կիվիրյանը տեսել է, որ իրեն չեն հարցաքննում, գրավոր ներկայացրել է եղելությունն ու ուղարկել քննիչին, սակայն դա էլ չի կցվել գործին:

Մեղադրող Երիցյանը մինչդեռ համաձայն չէր պաշտպանական կողմի հետ. «Չի կարելի ցանկացած թուղթ ուղարկել,  ասել՝ ցուցմունք է, դա սխալ ձեւ է: Եթե նրան հրաժարվել են հարցաքննել, կարող էր դիմել քննիչի վերադասին»:

Լուսինե Սահակյանն էլ առարկեց ու նշեց, որ դատախազը ծանոթ չէ քրեական գործին, եթե ծանոթ լիներ, կիմանար, որ նման պահանջ եղել է. նրանք բացարկ են ներկայացրել քննիչին, որը մերժվել է:

Պաշտպանական կողմը նաեւ ցանկություն հայտնեց գործում առկա ապացույցների վերաբերյալ մի քանի հարց տալ տուժող Սարգիս Սարգսյանին, սակայն դատավորը թույլ չտվեց: Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները հայտարարեցին, որ թույլ չտալով անակնկալ հարցեր ուղղել տուժողին՝ դատավորը ժամանակ է տալիս դատախազին, որ տուժողին նախապատրաստի հարցաքննությանը:

Դատախազին վիրավորեց այդ հայտարարությունը, նա ասաց, որ նման բան երբեք չի անում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստի ավարտից հետո տուժողը դատարանի դահլիճում հրաժեշտ է տվել դատախազին, բայց հետո միասին են դուրս եկել եւ խոսելով քայլել դեպի դատախազի մեքենան: