Երեւանում Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեի հոգեհանգիստը (Մետաքսե Պողոսյան): Բանաստեղծուհու հոգեհանգստին ներկա էր նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
«Նա գրում էր բանաստեղծություններ, մանկական գրվածքներ, թարգմանություններ, նաեւ հուշերի գրքեր, այսինքն՝ բուռն գրական գործունեությամբ է զբաղվել, երկար տարիներ էլ եղել է գրական կապերի բաժնի վարիչը Գրողների միությունում»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Նա հատկապես առանձնացրեց Մետաքսեի գործունեությունը պատերազմի տարիներին՝ 1992-1995թթ. «Նա առաջին գծի մարտիկների համար հավաքում էր տաք հագուստ եւ ուղարկում էր ռազմաճակատ, մի խոսքով վառ կերպար էր եւ գրականության մեջ եւ իր մարդկային տեսակով, նաեւ ակտիվ հասարակական, քաղաքացիական դիքորոշում ուներ»։
Նշենք, որ Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Հավելենք, որ Մետաքսեի (Մետաքսե Պողոսյան) վերջին հրաժեշտը տեղի է ունենալու օգոստոսի 13-ին` ժամը 12:00-14:00-ին Հայաստանի գրողների միությունում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երևանի քաղաքային պանթեոնում:











