Բանդայի գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը իրեն քրեական աշխարհի ներկայացուցիչ չի համարում։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արտուշ Հակոբյանը՝ պատասխանելով փաստաբան Հովիկ Արսենյանի հարցին։

«Ես քրեական աշխարհի ներկայացուցիչ չեմ, ես գործարար եմ, որն իր հայրենիքում բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել»,-ասաց նա։

Ամբաստանյալն այսօր ցուցմունք տալիս ասաց, որ ոստիկանության հայտնաբերված զենք-զինամթերքն իրեն չի պատկանել, եւ նույնիսկ իր տնից չի հայտնաբերվել, այլ իր ընկերների տներից. «Այդ ամենը շոու էր, նկարահանման համար էր իրականացվել, դիսկն էլ կա, կարող եք նայել»:

Ամբաստանյալը պատմեց նաեւ, որ «Բանդայի» իրականացված կողոպուտի օրը ինքը եղել է Լիլիա Սահակյանի բնակարանում, ծնունդ են նշել։

«Մինչեւ գիշերվա երկուսը այդ բնակարանում եմ եղել, եւ ընդհանրապես, եթե ես Բանդայի անդամներին չէի ճանաչում, ո՞նց կարող էի իրանց հավաքագրել ու ավազակային հարձակում պլանավորել։ Էս երկու տարի դատաքննություն է ընթանում, մի բան ապացուցվե՞լ է»,-ասաց նա։

Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանի դիտարկմանը, թե 2 անգամ կենսաբանական փորձաքննություն է իրականացվել եւ դիմակի վրա հայտնվել է Արտուշ Հակոբյանի քրտինքի նմուշ, վերջինս պատասխանեց, որ իրենից քրտինքի նմուշ են վերցրել եւ այդ նմուշն  էլ ամենայն հավանականությամբ հայտնվել է դիմակի վրա։

Ամբաստանյալը նաեւ նշեց, որ Բանդայի մյուս պարագլուխ համարվող Գուրգեն Հայրապետյանին չի հանդիպել եւ երբեք չի եղել նրա վարձակալած բնակարանում։

Դատարանն ավարտեց Արտուշ Հակոբյանի հարցաքննությունը եւ անցավ իրեղեն ապացույցների հետազոտմանը։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։