Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին բերման ենթարկվելուց հետո Շանթ Հարությունյանին «ինչ-որ մեկը» գցել է հատակին եւ սպառնացել սպանել: Այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին քաղբանտարկյալը պատմեց, թե ոստիկանությունում իր հետ ինչպես են վարվել մարդիկ, ում անուններն ինքը հրաժարվեց հայտնել:

«Էդ մարդն ինձ պառկեցրեց պոլին, ասաց՝ գլխիցդ կխփեմ, հետո էլ կգրանցենք՝ որպես դժբախտ պատահար: Մեկ ա՝ դու խելառ ես, ես էլ իրեն ասացի՝ ինչ ասեմ, ուզում ես խփի ու մի հատ հայհոյեցի: Հետո էլ ասացի՝ էդքան տղա էիր, հինգ օր ա՝ օպերայում նստած էի 10 ընկերնեիս հետ, քո 100 հոգանոց զորքն էդ ժամանակ հավաքեիր, գայիր, հիմա ձեռքերիցս բռնել ի՞նչ ես ասում»,- ասաց նա:

Շանթ Հարությունյանի պնդմամբ՝ իր խոսքերից հետո այդ մարդը սթափվել է եւ նույնիսկ աթոռ տվել՝ նստելու համար.«Դրանից հետո ինքն ասաց՝ Շանթին չկպնեք, դե ինքն իրան լավ տղու տեղ ա դրել, իբր բերդ ա նստել, աթոռ տվեց, նստացրեց, բայց էնտեղ կան դիշովկեք, օրինակ՝ մեկին ես մի օր գնալու եմ, ասեմ՝ դու տղամարդկության հետ պրոբլեմ ունես»:

Դատավորն ընդհատեց գործով ամբաստանյալին ու ասաց, որ դա գործին չի առնչվում, ինչին Շանթ Հարությունյանը պատասխանեց, որ ինչն ինքը խոսում է, առչնվում է գործի հետ, որովհետեւ հենց նման արժեքները փոխելու համար է ինքն դուրս եկել պայքարի:

Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստը շարունակվում է, ցուցմունք են տալիս մյուս ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):