«ՀԱԼԷՊ» Հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը եւ «Դիասփոարթս» նկարիչների խումբը օգոստոսի 10-22 Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպել են «Կանգառ Երեւանում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ 29 նկարիչների 104 աշխատանքերի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում սիրիահայերի տարբեր խնդիրների լուծմանը։

«Ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարի առաջարկով հանդես եկավ «Դիասփոարթս» նկարիչների խմբի անդամ Վաչե Դեմիրճյանը, որը մեզ տարբեր աշխատանքեր կարողացավ տրամադրել, որպեսզի մենք Երեւանում ցուցահանդես կազմակերպենք եւ վաճառքի հասույթը կտրամադրվի մեր կազմակերպության ծրագրերի իրականացմանը, որոնցից կարեւորը սիրիահայերի կացարանաշինությունն է»,-NEWS.am-ին ասաց «ՀԱԼԷՊ» Հայրենակցական բարեսիրական ՀԿ անդամ Հակոբ Կազանչյանը։

Ցուցահանդեսում ներկայացված են ֆրանսիահայ նկարիչներ, որոնց մեջ կան արմատներով սիրիահայեր, ինչպես նաեւ երեւանցի նկարիչների արած լուսանկարները, կոլաժները եւ թվային գործերը։

«Ֆեյսբուքի միջոցով շփվեցի իմ ընկերների հետ, խոսում էինք Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ որոշեցինք մի բան ձեռնարկել մեր դժբախտ սիրիահայերի համար ինչպես Երեւանում ապրող, այնպես էլ՝ Սիրիայում»,-NEWS.am-ին ասաց «Դիասփոարթս» նկարիչների խմբի հիմնադիր Վաչե Դեմիրճյանը։

Նշենք, որ «Դիասփոարթս» նկարիչների խմբի կատարած աշխատանքերը, որոնք ներկայացված են այս ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք երկրներում, իսկ  երեւանյան ցուցադրությունը յոթերորրդն է։