Նախորդ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Շանթ Հարությունյանին տարել են ոստիկանության բաժին, ոստիկաները նրանք խաբել են, ասելով՝«Ընկերներդ լիմոնկա են քցել, կեսը մահացել են, կեսն էլ հիվանդանոցում են»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, իր ցուցմունքում ասաց Շանթ Հարությունյանը։

«Ինձ քաղմասում ասեցին՝ ընկերներդ լինոնկա են քցել, մահացել են, կեսն էլ հիվանդանոցն են: Ես չէի հավատում, որ ընկերներս տենց բան կանեն, բայց միշտ տենց վախ ունեի, որ ուրիշները կանեն ու կքաշվեն մի յան ու կքցեն մեր վրա»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Իր պաշտպան Ինեսա Պետրոսյանի հարցին, թե նոյեմբերի 5-ին որքա՞ն մարդ էր միացել երթին, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Թվաքանակ չեմ կարա ասեմ, բայց մտածել եմ , որ եթե 50 մարդ էլ լինի, ուրեմն իմ ծրագիրը նորմալ գնում ա, եթե 50-ից ավել մարդ գար, կգերակատարեի: Կարող ա 150 մարդ լիներ կամ 200, 250»:

Շանթ Հարությունյանի խոսքով՝ այդ օրը իրենք պատրաստ չեն եղել կռվի. «Եթե մենք իմանայինք՝ լինելու ա էդ կոնֆլիկտը, ավելի լավ կպատրաստվեինք, բայց որ  Օսիպյանն ասեց՝ կողքներովդ քայլելու ենք, հանգիստ եղեք, հավատացի ու մտածեցի , որ խաղաղ կլինի։  Օսիպյանի նկատմամբ վստահություն ունեի, մտածում էի, որ ինքը չի խաբի: Մտածում եմ, որ էդ վերջին մոմենտին բան փոխվեց»,-նշեց Հարությունյանը

Շանթ Հարությունյանը անդրադարձավ Շահեն Հարությունյանի այն խոսքին, որ իրեն ասել են, թե իր հայրը մահացել է,  եւ դիմեց անհայտ  մեկին. «Մի հոգի կա, որի անունը չեմ տալիս, նա ինձ ասում էր իրար հետ գաղութում նստել ենք 1985թ., ու ես էդ ժամանակ  իրան չպատասխանեցի: Ինքը էդ միջավայրում իրան լավ տղա ա համարում, ոմանք էլ իրան են լավ տղա համարում:Հիմա ասում եմ, որ ես իրան հիշում էի, էն վախտ էլ էի կասկածում, որ ԿԳԲ գործակալ կլինի, բայց էդ պահվածքը, որ դու արեցիր՝պահեցիր դիշովկայի պես, հիմա ասում եմ՝ դու լավ տղա չես, եղել ես ԿԳԲ գործակալ 1985թ ու մնացել ես ԿԳԲ գործակալ պրիզիդենտի շրջապատում: Ես վստահ եմ, որ դու ես Շահենին ասել՝ պապադ մեռել ա: Որ դու էնքան տղա լինեիր, հենց պապան մեռած կլիներ, որ դու քֆուր էիր ուտում ,այ տղա»:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):