Շոտլանդացի հեռուստադիտողները BBC հեռուստաալիքով լուրերի փոխարեն կենդանի բնության մասին հաղորդման ոգով տեսարժան երեւույթ են դիտել: Քանի դեռ Գրեմ Ստյուարտը տեղեկացրել է վերջին լուրերի մասին, էկրանի անկյունում հնարավոր է եղել հսկա սարդ նկատել, որը հարձակվել է ճանճի վրա:

Բանն այն է, որ միջատը հայտնվել է սարդոստայնում, որը սարդը հյուսել է տեսախցիկի օբյեկտիվի վրա: Շուտով սարդը եկել է իր ավարի հետեւից: Քանի որ գործողությունը տեղի է ունեցել տեսախցիկի ոսպնյակին շատ մոտ, սարդը հեռուստադիտողին պարզապես հսկայական է թվացել: Այն արագ բռնել է զոհին ու թաքնվել:

Հաղորդավարը, բնականաբար, սարդի ներկայությունը չի նկատել: Թողարկման ձայնագրությունն արագ տարածվել է սոցցանցում, իսկ Գրեմ Ստյուարտն ավելի ուշ խոստովանել է, որ տեղյակ չի եղել հսկա սարդի պատմության մասին, մինչեւ չի բացել «Twitter»-ը:

Ըստ «Herald Scotland»-ի, նրանց համար, ովքեր սարդին հետեւելով՝ չեն հասկացել լուրի էությունը, բրիտանական լրատվամիջոցները պարզաբանել են. Ստյուարտը պատմում էր, որ Աբերդինում երիտասարդական փառատոնի նախագահը վայր է դրել իր լիազորությունները: