Հայաստանում եզդիների իրավունքները պաշտպանող հասարակական մի շարք կազմակերպություններ այսօր` օգոստոսի 13-ին, հանրային քննարկում եւ ստորագրահավաք կազմակերպեցին, որով դատապարտում են Իրաքի Շանգալ նահանգում ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը:
«Այս հավաքի նպատակը նաեւ մարդկանց իրազեկումն է, որովհետեւ շատերը չգիտեն`իրականում ինչ է կատարվում: Մենք ե՛ւ պետական մարմիններին, ե՛ւ միջազգային կազմակերպություններին նամակներ ենք ուղարկել, շատ կարեւոր է նաեւ հայերի աջակցությունը, որ նրանք նույնպես միանում են եզդիների ցեղասպանության կանխմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:
Նրա խոսքով` արդեն բոլորին պարզ է, որ Իրաքի Շանգալ նահանգում եզդիների ցեղասպանություն է իրականացվում, սակայն գերտերությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում՝ այն կանխելու համար:
«Խնդիրն այս պահին ցեղասպանության կանխումն է, որը դժվար է ստացվում, քանի որ միակ պայքարող ուժը եզդիներն են»,- նշեց Սաշիկ Սուլթանյանը:
Հանրային քննարկմանը մասնակցում էին նաեւ հայ քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Իրաքում եզդիների ցեղասպանության հարցի շուրջ շատ վիրավորական է. «Հայաստանի իշխանությունները չտեսնելու են տալիս եւ ինչ-որ ձեւական 50 հազար դոլար տրամադրեցին, այն էլ չգիտենք` տեղ հասնելո՞ւ է, թե՞ ոչ»:
Նրա հավելեց, որ բացի մարդասիրական օգնությունից՝ Հայաստանը կարող է նաեւ տարբեր միջազգային կառույցներում բարձրաձայնել հարցը` այսպիսով գերտերությունների ուշադրությունը հրավիրելով խնդրին:
Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչեւ հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, 3000-ն էլ տեղահանվել է:











