«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերեր այսօր՝ օգոստոսի 14-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ հանձնեցին, որով խնդրում են կառավարության օժանդակությունը, նաեւ հանդիպում բնակիչներից մի քանիսի հետ խնդիրն առավել մանրամասն քննարկելու նպատակով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտյան խաբված բնակարանատերերն իրենց երեխաների հետ հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Վերջինս դեռ հանդիպման չի իջել, իսկ նախարարներից էլ ցույցի մասնակիցները մոտեցել է միայն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը խոստացել է հետեւել գործի ընթացքին:
«Արցախբանկն արդեն քանի անգամ խաբում է մեզ, գցում, այդ պատճառով մենք հավաքվել ենք այստեղ, հանդիպում ենք պահանջում եւ չենք գնալու այնքան ժամանակ, մինչեւ չհանդիպենք վարչապետի հետ: Մեր հարցը չլուծվելու դեպքում մենք ծայրահեղ քայլերի կդիմենք՝ նստացույց, հացադուլ, որովհետեւ այսպես այլեւս չի կարող շարունակվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակարանատեր Մանուշակ Մկրտչյանը, որը ՌԴ-ից նոր է վերադարձել:
Խաբված բնակարանատերերից Արթուր Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախբանկի բաժնետեր Հրաչ Կապրիելյանի հետ 2 ամիս առաջ համաձայնության են եկել, սակայն վերջինս իր խոստումը դեռ չի կատարել. «Փափազյան շենքի համար Կապրիելյանն առաջարկեց յուրաքանչյուր քառակուսի համար ավելացնել 150 դոլար ավելացնել՝ շենքն ավարտին հասցնելու եւ բնակարանատերերի հանձնելու համար, սակայն առ այսօր նորություն չկա այդ պայմանավորվածությունից»:
Այս պահին «Տոնուսից» խաբված բնակարանատերերը սպասում են կառավարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետև դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:











