Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այսօր՝ օգոստոսի 14-ի առավոտյան տեղի ունեցած ավտովթարից տուժած 10 ուղեւորները մասնավոր ընկերության աշխատակիցներ են եղել, որոնք ընկերության տրամադրած մեքենայով աշխատանքի գնալիս են եղել: Այս մասին NEWS.am-ին պատմեցին ուղեւորները, որոնք լուրջ վնասվածքներ չէին ստացել եւ արդեն դուրս էին գրվում հիվանդանոցից:
«Ամեն աշխատանքային օրվա պես նստեցինք մեր ծառայողական մեքենան, որ մեզ տաներ աշխատանքի: Դուռը երեւի չէինք հասցրել փակել, գմփոց եկավ, անգամ ինձ մի պահ թվաց`գազի բալոնը պայթեց: Էդ հարվածից մեր աշխատողներից մեկը ուշաթափվեց, իմ կոշիկը չգիտեմ` որտեղ էր հասել, պայուսակս` չգիտեմ որտեղ էր թռել: Պետք է կոլեկտիվով մատաղ անենք, որ լավ պրծանք»,-ասաց ուղեւորներից Լարիսա Կարապետյանը:
Վթարից տուժած կանանցից Ազգանուշ Կարապետյանի խոսքով`հարվածից իրենք ոչ այնքան վնասվածքներ են ստացել, որքան վախեցել են:
«Մենք երեւի ավելի շատ վախեցել ենք, որովհետեւ մեքենան դեռ չէր շարժվել, հարվածը եկավ: Ես ուժեղ գմփոցից ընկել եմ նստատեղերի արանքը»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 14-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի 2-րդ զանգվածում: Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում բախվել էր ԳԱԶել մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 10 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:











