Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի դրդմամբ են համալսարանի դասախոսները եւ ուսանողները բողոքում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ: Այս մասին այսօր՝օգոստոսի 14-ին, Ագրարային համալսարանի բակում NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

«Ամբողջ մեղքը ԲՈՒՀ-ի ռեկտորինն է, որը կազմակերպում է նման միջոցառումներ, բոլորին ահաբեկում է, որ աշխատանքից կհանի, կոլեկտիվին, ուսանողներին դրդում է այնպիսի գործողությունների, ինչը երեկ տեղի ունեցավ, եւ ես, կարծես թե, մահից փրկվեցի, երբ էդ ամբողջ ցանկապատը իմ գլխին շուռ տվեցին: Չի կարելի կոլեկտիվին օգտագործել քրեական հանցագործություն կատարելու մեջ»,- ասաց Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով  նախորդ օրվա միջադեպին, երբ 100 դասախոսներ եւ ուսանողներ փորձել են քանդել շինհրապարակը  շրջապատող ցանկապատը:

Ագրարային համալասարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, սակայն, հերքեց այն տեղեկությունը, որ աշխատակիցները ռեկտորի դրդմամբ են հավաքվում, բողոքի ակցիա անցկացնում ՕԵԿ-ի կատարած շինարարության դեմ:

Դանիել Պետրոսյանը անդրադարձավ նախորդ օրը Հեղինե Բիշարյանի պահվածքին եւ ասաց. «Տիկին Բիշարյանը երեկ ոտքը խփում էր գետնին եւ ասում էր՝ լսեք, այստեղ կին է խոսում, եւ գոռում էր 200 տղամարդու վրա: Երբ կինը գոռում է, մատով է խոսում, ձեռքերով է խոսում, հայհոյանքներով է խոսում, էն էլ մանկավարժական գիտությունների թեկնածուն, էլ ի՞նչ ասեմ ես»:

Դանիել Պետրոսյանի խոսքով՝ պատգամավորի որդին էլ վիճաբանել է ու հայհոյել իրենց. «Բիշարյանի տղան էլ մայր էր հայհոյում: Երբ իր տղան մոր ներկայությամբ մայր է հայհոյում, ես էլ ի՞նչ ասեմ»:

ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ իր որդին երեկ չի հայհոյել ու հավելեց. « Ձեզանից ցանկացածն էլ եթե իր ծնողի նկատմամբ կամ իր ընկերոջ նկատմամբ նման վերաբերմունք լինի, կարծում եմ՝ վեճի ժամանակ մեկը մյուսին գեղեցիկ խոսքեր չի ասում, ափերից դուրս են գալիս, դա նորմալ երեւույթ է»:

Հեղինե Բիշարյանը պատմեց, որ ցանկապատը դեպի իրենց հրելու եւ պոկելու հետեւանքով հիվանդանոցում  հայտնված ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դեռ հիվանադանոցում է, բժիշկների հսկողության տակ:

Շինարարության դեմ պայքարողները սակայն չեն հավատում, որ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկվա միջադեպից է իրեն վատ զգացել:

«Տապալված ճաղավանդակների վրա կանգնած հոխորտում էր ու ոչ թե ճաղավանդակների տակն էր: Բա երեկ ինչպես էր հոխորտում, գոռգոռում, վիրավորում»,- զարմացավ Դանիել Պետրոսյանը:

Նրա կարծիքով՝ իրենց նախորդ օրվա պահվածքը բնական ռեակցիա էր, քանի որ իրենք մտահոգություն ունեն, որ ՕԵԿ-ի կառուցած շենքը ոչ միայն անօրինական է, այլեւ վտանգավոր:

«Հասարակությունը պահանջում է ներկայացնել շինարարության նախագիծ, թույլտվույթյուն: Բանվորական աշխատակազմն էլ պետք է ունենա լիցենզիա եւ պետք է ապահովված լինեն շինարարական ճիշտ նյութերով: Մենք վախենում ենք, որ մի ուժեղ քամուց էդ շինությունը փուլ կգա կամ աջ, կամ ձախ, կվնասի կամ ուսանողությանը, կամ աշխատակիցներին, որովհետեւ նրանք դա կառուցել են մեր աչքի առաջ փտած, ժանգոտած խողովակներով»:

Նշենք, որ այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի տարածքում ՕԵԿ-ի սկսած շինարարության դեմ բողոքող՝ համալսարանի մի քանի տասնյակ դասախոսներ եւ ուսանողներ կրկին հավաքվել են համալսարանի բակում, շինհրապարակի մոտ եկել էին նաեւ մի քանի տասնյակ ՕԵԿ-ականներ, միջադեպ տեղի չունեցավ, նրանք մի քանի ժամ կանգնեցին եւ հեռացան:

Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում են, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել   թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: