ԱԻՆ մասնագետներն այս պահին ուսումնասիրում են «Զվարթնոցի» հին շենքի սեյսմակայունությունը եւ առաջիկա օրերին կտան եզրակացություն, թե ինչքանով է հին շենքը վտանգավոր, հատկապես էստակադան: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը՝ անդրադառնալով շենքի բազրիքների փլուզման փաստին (ֆոտոռեպորտաժ):
«Փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը: Հին կլոր համալիրի ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհահատվածում ձախ կողմից մոտ 40 մետր եւ ավելի փլուզվել են բազրիքները եւ մայթեզրը: Պատճառն այն է, որ վատ վիճակում է շենքը: Դեռեւս անցած տարի, երբ մենք այդ խնդիրը բարձրացրեինք, լայն հասարակական քննարկում եղավ, մենք փորձում էինք հանրությանը հասանելի դարձնել, որ դա իր ներկայիս ֆիզիկական վիճակով անվտանգ չի: Եվ երբ մենք ասում էինք, որ քանդելու առաջարկ կա, այդ առաջարկը հենց բխում էր նրանից, որ շենքը ֆիզիկապես անվտանգ վիճակում չի գտնվում եւ շահագործման համար գրեթե անպիտան է: Այսօր այդ հանգամանքը եկավ ապացուցելու, որ անվտանգության հետ խնդիրներ կան»,- ասաց նա:
Թե ինչ վիճակում է շենքը, Սահակ Հակոբյանը հրաժարվեց գնահատական տալուց՝ հորդորելով սպասել ԱԻՆ եզրակացությանը. «Դիմել ենք արտակարգ իրավիճակների նախարարություն, որ սեյսմիկ պաշտպանության գործակալության համապատասխան մասնագետները ուսումնասիրեն ու պատասխան տան, գնահատեն անվտանգության վիճակը: Շենքը գտնվում է ցնցումային գոտում, նման մասնագետների կարծիքը արժանահավատ կլինի»:
Նշենք, որ դեռեւս 2012թ.-ին են ճարտարապետներն ու սեյսմոլոգները եզրակացություն տվել, որ կոնկրետ ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհային ցանցը՝ էստակադան, ճիշտ կլինի ապամոնտաժել:
«Ներկայումս առայժմ խոսք չկա ամբողջ շենքի ապամոնտաժման մասին: Դեռեւս անցած տարվա վերջին եւ այս տարվա սկզբին կառավարության կողմից հանձնարարական է տրվել եւ այդ հանձնարարականի պահանջները կատարելիս հանդիպումներ ենք ունեցել ճարտարապետների հետ, օդանավակայանի ղեկավարության հետ եւ փորձել ենք ինչ-որ լուծում գտնել, որ հատկապես ճարտարապետական շրջանների կողմից որպես արժեք դիտվող շենքը եւ պահպանելու հնարավորություն լինի, եւ պահպանելու դեպքում այն չխանգարի «Զվարթնոց» օդանավակայանի բնականոն գործունեությանը»,- ավելացրեց Սարգիս Սահակյանը:
NEWS.am-ի նկարահանող խումբը եղել է «Զվարթնոցի» հին շենքի տարածքում եւ ֆիքսել, թե ինչ վիճակում է շենքը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնել էր, որ փլուզվել էին չգործող էստակադայի երկաթբետոնե բազրիքները (մոտ 30 մ), եւ առկա է մոտ 30 մ թուլացած հատվածի փլուզման վտանգ:











