Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումը հրահրել է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը։
«Ես երթի ժամանակ վերցրել եմ բահը, փայտը եւ ինքնաշեն հրատեխնիկական միջոց։ Երթի սկզբում տեսա, որ շատ մարդիկ են արդեն փողոցում։ Երբ որ Շանթը մոտեցավ մայթին, ոստիկաններն առանց խոսքի ճանապարհ տվեցին, առանց բառ ասելու, ցանկացած տրամաբանող մարդու համար հասկանալի է, որ նրանք թույլ էին տալիս մայթ դուրս գալ։ Հետո երբ Շանթը դուրս եկավ, իրեն մոտեցավ Գեղամ Խաչատրյանը եւ քաշեց Շանթի ձեռքից, նա սարքեց այդ բախումը, դրանից սկսեց այդ ամենը»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իրենք խուլիգաններ չեն եւ պաշտպանել են իրենց սահմանադրական իրավունքը։
Արմեն Հովհաննիսյանը նաեւ հիշեց, որ մինչեւ նոյեմբերի 5-ը, երբ Շանթը գիշերում էր Ազատության հրապարակում, իրենց մոտեցել են քաղաքացիներ, որոնք նրանց սադրել են եւ փորձել են շեղել ճիշտ ուղուց. «Մարդիկ էին գալիս, որոնք հորդորում էին բախումներ ստեղծել իշխանության հետ, ջարդել, ծեծել ոստիկաններին, ասում էինք, որ մեր պահանջը քաղաքական է, եւ մենք բախում չենք ուզում։ Ու խոսակցության մեջ ասացի, որ նրանց դեմքը ինձ ծանոթ ա եւ նրանց տեսել եմ հատուկ ծառայության մեջ, դրանից հետո փախան»։
Ամբաստանյալն ասաց, որ ինքը չի խուսափում պատասխանատվությունից, բայց հայտարարեց, որ դեպքի օրը ոչ ոքի չի հրել եւ ֆիզիկական ցավ չի պատճառել:
Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):











