Ավստրիական Ալպերում շարունակվում է լեհ հետազոտողի փրկության գործողությունը, որն ընկել է քարանձավային համակարգը եւ վնասվածք ստացել: Դեպքի վայր հասնելուն խոչընդոտում է վատ եղանակը:

Լեհ հետազոտողը, որը Ավստրիական Ալպերում զբաղվում էր քարանձավային համակարգի ուսումնասիրմամբ, ընկել է մուտքից  200մ խորության վրա գտնվող թակարդը: Նա այնտեղ մեկնել էր եւս հինգ հոգուց բաղկացած խմբով:

Քարանձավները կոչվում են «Ջեք Դենիելս» եւ գտնվում են Թենեն լեռնաշղթայում՝ ավստրիական Աբտենաու քաղաքից ոչ հեռու՝ ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա:

Քարանձավը հետազոտելիս տղամարդը սայթաքել եւ ընկել է 8 մ բարձրությունից՝ լրջորեն վնասելով ոտքն ու ազդրը, փոխանցում է NTDT-ն:

Ավելի ուշ խմբի մեկ այլ անդամ հաջողացրել էր դուրս գալ քարանձավից եւ փրկարարներ կանչել:

Փրկարարական գործողությանը մասնակցում է 75 մարդ: Սակայն քարանձավ հասնելուն խանգարում է վատ եղանակը: Մինչեւ մուտք ուղղաթիռով հասնելու հնարավորություն չկա, ստիպված են գնալ ոտքով: Դա տեւում է մոտ չորս ժամ:

Առաջինը տղամարդու մոտ հասել է մի քանի փրկարարներից կազմված խումբը,  որում կար նաեւ բժիշկ:  Առայժմ հայտնի չէ՝ ինչքան ժամանակից կհաջողվի հետազոտողին դուրս բերել քարանձավից: