Մարզպետարանների ներկայացրած նախնական քանակից ավելացած գարու սերմնացուն կբաժանեն գյուղացիներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱԻ նախարարարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը։

«Այդ ավելցուկը բաժանելու ենք գյուղացիական տնտեսություններին՝ ըստ իրենց պահանջարկի։ Անվճար չենք տալու, աշնանը բերք ստանալուց հետո գյուղացիները կփոխհատուցեն։  Մենք բերեցինք այնքան, ինչքան, որ պահանջվում էր, բայց պարզվեց որ շատ էր»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ աշնանացան սերմը, որի պահանջարկը կազմում է 350 տոննա էլիտային վերարտադրության սերմնացու եւ 3990 տոննա առաջին վերարտադրության սերմնացու,այս տարի չեն ներկրելու։

«Այս տարի մենք գնելու ենք մեր տեղական արտադրողներից, որովհետեւ այս ծրագիրը սկսվել է 2011թ-ից, մենք ունենք համապատասխան քանակներ, եւ մեր գյուղացիական  տնտեսություններից, ովքեր որ զբաղվում են սերմնաբուծությամբ, նրանցից գնում ենք կատարելու եւ աշնանը՝ բերքահավաքից հետո այդ արժեքները գանձելու ենք»,-ասաց Սերգո Կարապետյանը։

Նախարարը նշեց, որ տրամադրվող հացահատիկի սերմնացուի արժեքը իրենք իջեցրել են, եւ այժմ այն կազմում է 130 դրամ։

Նշենք, որ ըստ մարզպետարանների ներկայացրած պահանջարկի՝ նախատեսվում էր 2014 թվականի գարնանն արտերկրից ներմուծել 1978.7 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 168.35 տոննա կապույտ առվույտի, 189.96 տոննա կորնգանի, 23.44 տոննա եգիպտացորենի սերմացու, իսկ տեղական սերմարտադրողներից գնել 150 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու սերմացու:

Ծրագրի իրականացման ընթացքում պարզվել է, որ մարզպետարաններից ներկայացված սերմացուի պահանջարկն իրատեսական չէ, և ներկրված սերմացուները չեն իրացվում։