Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 20-ամյա Վիկտոր Իսակովը մեղադրվում է նույն գյուղի առանձնատներից մեկից 40 հազար դոլար գողանալու մեջ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժնում օգոստոսի 9-ին եւ 10-ին ահազանգեր ստացվեցին այն մասին, որ Արզնի գյուղում առանձնատներ են թալանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ առաջին տնից գողացել էին թանկարժեք կոնյակներ, իսկ երկրորդ տնից՝ 40 հազար դոլար եւ 1 մլն դրամ արժողության թանկարժեք իրեր:
Ժամեր անց ոստիկաններին հաջողվեց պարզել, որ հիշյալ գողությունները կատարել են նույն գյուղի բնակիչներ 18-ամյա Թումաս Դանլովը, 34-ամյա Աբրահամ Սարկիսովն ու 20-ամյա Վիկտոր Իսակովը: Առաջին երկու երիտասարդները գողացել էին թանկարժեք կոնյակները, իսկ Վիկտորը՝ 40 հազար դոլարը:
«Հարուստի տուն եմ մտել, ինձ հետաքրքրում էր՝ ինչ կար տան մեջ: Սպիտակ գույնի պայուսակ տեսա, վերցրի, տարա: 160 հազար դրամը վերցրի, գնացի Երեւան տաքսիով, աղջիկ ճարի, գնացի օբյեկտ ու ամբողջ գումարն իր վրա ծախսի»,- ոստիկանությունում պատմեց Վիկտոր Իսակովը:
Երեք երիտասարդներն էլ կալանավորված են: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











