Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր՝օգոստոսի 16-ին, կայացավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոնը, որին մասնակցում էին ինչպես Արցախի Հանրապետությունից, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերից եկած գորգագործներ։

«Սա արդեն երկրորդ տարին է եւ ավանդույթ կդառնա։ Համոզված եմ, որ փառատոնը ավելի շատ զբոսաշրջիկներ կբերի եւ քաղաքը որպես առողջարանային եւ տուրիստական քաղաք էլ ավելի կճանաչվի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

Խոսելով փառատոնում մասնակիցների ներգրավածության մասին՝ քաղաքապետը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա մասնակիցները մեծաթիվ են եւ ներկայացնում են ինչպես Հայաստանի տարբեր մարզերը, այնպես էլ Արցախի Հանրապետությունը։

«Մասնակիցները բնականաբար նախորդ տարվա համեմատ շատացել են, եւ այս տարի մենք հյուրեր ունենք նաեւ Ղարաբաղից, Իջեւանից, Գյումրիից եւ տարբեր տեղերից»,- ասաց Արմեն Սանթրոսյանը։

Շուշիի գորգերի թանգարանի էքսկուրսավար Աստղիկ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Արցախյան գորգերի առանձնահատկությունը ընտրված գույներն են եւ, իհարկե, զարդանախշերը, խորհրդանշանները»։ Փառատոնի մասնակից «Մեգերյան կարպետ»-ի ներկարար Կարինե Ասատրյանը, խոսելով գորգերը բնական բուսանյութերով ներկելու կարեւորության մասին, ասաց. «Մեր միակ նպատակը այն է, որ պահպանեն հայկական ավանդային բուսական ներկումը եւ մեր գորգերի մեծ մասը ներկվում են հենց բնական բուսանյութերով»։ Փառատոնին ներկա ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության պատմական միջավայրի եւ պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարեւորեց հատկապես նմանատիպ փառատոններում ԼՂՀ մասնակցությունը։

«Նման փառատոնները մեծ կարեւրություն ունեն տուրիզմի զարգացման համար եւ բնական է, որ Ղարաբաղը անմասն չի նմանատիպ փառատոններին մասնակցելուց։ Մենք ձգտում են անպայման ապահովել Ղարաբաղի մասնակցությունը եւ այս փառատոնին ներկայացրել են «Ղարաբաղ Կարպետ» եւ Շուշիի գորգի թանգարանը»։

Նշենք, որ «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության եւ «Media Onix» ընկերության կողմից։ Տարբեր անվանակարգերում տարբեր ընկերություններից բացի, հատուկ մրցանակի արժանացավ նաեւ գեներալ-մայոր, ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը։