Երեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը սկսվեց օգոստոսի 16-ի երեկոյան եւ կշարունակվի նաեւ այսօր՝ օգոստոսի 17-ին։ Հազարավոր հավատացյալներ այդ օրը ոտքով եկեղեցի են գնում՝ իրենց հետ տանելով խաղող, աղ եւ մատաղացու՝ եկեղեցում օրհնելու եւ իրենց ուխտը կատարելու համար։

«Եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը եւ, ավանդույթի համաձայն, նախորդ օրը պատարագից հետո տոնն արդեն սկսված է համարվում եւ ժողովուրդն ուխտի է գալիս Աստվածամոր տաճար։ Այս եկեղեցին հնուց ի վեր կարեւոր սրբավայր է մեր ժողովրդի համար: Նրանք գալիս են այստեղ՝ իրենց ուխտը նորոգելու առ Աստված, այդ պատճառով օրվա ընթացքում՝ մինչեւ Պատարագի սկիզբը, ժողովրդի հոսքը չի դադարում: Ուրախալի է, որ մարդիկ գալիս են ուղղակիորեն հաղորդակցվելու Աստծո հետ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեր Պարույր քահանա Ավետիսյանը։

Քահանան հավելեց, որ Աստվածածնի Վերափոխման տոնին Սուրբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի կարգ: Ըստ ավանդության՝ առաջինը բերքը բերվում է եկեղեցի եւ միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել:

«Խաղողօրհնեքը հնագույն սովորություն է, որ դեռեւս Ներսես Շնորհալի հայրապետի օրերից է հաստատված։ Բոլոր պտուղների թագուհու՝ խաղողի օրհնության կարգ է կատարվում, որը նաեւ կապվում է նաեւ Սուրբ Աստվածամոր տոնի հետ. հայրապետները կապ են նկատել Աստվածամոր տոնի եւ  պտղաբերության միջեւ։ Խաղողի օրհնությունը նաեւ պտղաբերության, հասունացման սկիզբն է»,- ասաց Տեր Պարույր քահանա Ավետիսյանը։

Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ օգոստոսի 17-ին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հենց այս օրն է Սուրբ Տիրամոր հոգին բարձրացել երկինք: