Տեսանկարահանող սարքն արձանագրել է, թե ինչպես է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Տիգրան Յարատովը Նոյեմբերյանի ոսկու խանութից գողություն կատարում:
Ըստ արձանագրված կադրերի՝ օգոստոսի 13-ին արեւային ակնոցով եւ սեւ գլխարկով մտնում է ոսկու խանութ եւ դանակի սպառնալիքով վաճառողուհուց պահանջում ոսկյա զարդեր: Վաճառողուհու բարձրացրած աղմուկից երիտասարդը ստիպված դիմում է փախուստի:
Ժամեր անց ոստիկաններին հաջողվում է տեսախցիկների օգնությամբ պարզել ավազակային հարձակում կատարած երիտասարդին՝ Տաշիրի բնակիչ Տիգրան Յարատովին: Վերջինս արդեն ոստիկանությունում արդարացավ՝ նշելով, թե «վաճառողուհին իր նախկին ընկերուհին է եւ այս ամեն ինչն արել է խանդի հողի վրա»:
Ըստ տեսանկարահող սարքի՝ Տիգրանին ավազակային հարձակում կատարելու գործում օգնել է ընկերը՝ ստեփանավանցի Արթուր Գյուրոկլյանը: Օգոստոսի 14-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման ենթարկված Արթուրը պնդում է, որ ինքը կատարվածի հետ որեւէ կապ չունի:
Միայն տեսախցիկների տեսագրությանը ծանոթանալուց հետո երիտասարդները խոստովանեցին կատարած հանցանքը:
Տիգրան Յարատովին եւ Արթուր Գյուրոկլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











