Կառավարության անդամների շփման գիծ մեկնելը PR ակցիա չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Ասել, որ շփման գիծ մեկնելը PR ակցիա է, դա վատ հայտարարություն է, ոչ թե կոնկրետ իմ անձի հանդեպ, դուք էլ այդպես կմտածիք, թեկուզ դրա մեջ անգամ մի նշույլ կա, չի կարելի բարձրաձայնել, որովհետեւ մեր զինվորներն այսօր դրանով ոգեւորվում են, մենք ինքներս դրան ականատես ենք եղել, նման բան չի եղել, որեւէ լրագրող էլ չի եղել, որ մեզ նկարի, կամ PR անի»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ կառավարության ղեկավարին քննադատելու, քարկոծելու պահը սխալ են ընտրել. «Բազմաթիվ առիթներ դեռ կլինեն մեզ կշտամբելու, քննադատելու, ինչի՞ շտապենք»։
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց սահմանում ծառայող զինվորների մարտական պատրաստվածությունը։
«Շատ ոգեւորիչ էր մեր զինվորների պահվածքը՝ ոգեւորությունը, հայրենասիրությունը, նույնիսկ իրենք իրենց խոսքի մեջ մեզ հուսադրում էին, որ որեւէ խնդիր չկա, որեւէ պրոբլեմ չկա։ Համարձակ ու վստահ էին, իրենք հասկանում են, որ այդ արժանապատիվ գործն անում են իրենց ժողովրդի համար։ Մՙենք լավ առումով զարմացած ու ոգեւորված ենք»,-ասաց նա։











