Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներն իրենց աջակցությունն են հայտնում Հայկ Կյուրեղյանին, որը, հիշեցնենք, գործով դատական առաջին նիստից առաջ դատարանի բակում կրակել էր օդամղիչ ատրճանակից՝ վիրավորելով մի քանի ոստիկանի, եւ երկու ամսից ավելի կալանավորված է։

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին այսօր՝ օգոստոսի 23-ին, ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը Հայկ Կյուրեղյանին կոչ արեց ուժեղ լինել եւ չկոտրվել։

«Գիտեմ, որ արգելանք է դրվել Հայկ Կյուրեղյանին տեսակցությունների ու զանգերի հնարավության վրա,  ես գիտեմ, որ դա հոգեբանական ճնշում է։ Ես էլ եմ եղել նման վիճակում։ Ուժեղ եղիր, դիմացիր, որ զգան՝ չես կոտրվում, կհանեն էդ արգելանքը»,- հայտարարեց Ավետիս Ավետիսյանը։

Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը, նույնպես ներկա էր այսօրվա դատական նիստին։ «Հայկին էլ մենակ չենք թողնի, ապրես, որ տենց լավ ախպեր ունես, մեր ախպերն ա»,-նրան դիմեց գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։ Վերջինը, ի դեպ,  դատարանին  խնդրեց իրեն առաջադրել յուրաքանչյուր հոդված, որով կդատապարտվի իր ընկերներից որեւէ մեկը։

Ամբաստանյալ Սեւակ Մնացականյանն էլ իր զորակցությունը հայտնեց եզդիներին, որոնք Հայաստանի Կառավարությանն են դիմել իսլամիստների կողմից ցեղասպանության ենթարկվող՝ Իրաքի իրենց ազգակիցներին։

«Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն, ես նրանց կոչ եմ անում սեփական ազգի պահպանման համար պայքարել։ Եթե հարկ լինի, ես պատրաստ եմ պայքարել իրենց հետ ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս»,- ասաց Սեւակ Մնացականյանը։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am