1995թ. պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը վատ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սողոմոն Քոչարյանի մայրը` Զինա Քոչարյանը:

«Առողջություն չունի, 2-րդ կարգի հաշմանդամ է: Բացի նրանից, որ ոտքը վիրավոր է,  ստամոքսի խոց ունի, աղիները լավ չեն աշխատում: Բժիշկն այստեղ դեղերն ասում է, ես առնում տանում եմ, մի քիչ լավ է զգում, բայց հետո նորից վատանում է վիճակը: Դա հո բուժում չի»,-իր մտահոգությունը հայտնեց տիկին Զինան:

Սողոմոն Քոչարյանի մայրը պատմեց, որ ինքը նույնպես առողջական խնդիրներ ունի: Նա միայնակ է ապրում, ստացած թոշակով կարողանում է միայն որոշ դեղահաբեր ու սնունդ տանել որդուն. «Մենակ եմ պահել մեծացրել իրեն ու չորս քույրերին: Հայրը ջահել ժամանակ մահացել է: Հիմա գոնե ինքը իրեն պահի, ու ինձ տերություն անի: Հույսս արդեն ամեն տեղից կտրել եմ, դրել եմ Աստծո վրա: Կնոջ մահվանից հետո էլ աղջիկը ինքնասպան եղավ, մնացի ես: Երեւի ես էլ իմ կյանքին վերջ տամ»:

Արցախյան ազատամարտին մասնակցած, հետախույզ Սողոմոն Քոչարյանի մայրը նշեց, որ չնայած որդին վատառողջ մեկնել է ռազմաճակատ, սակայն դա չի գնահատվել ու չի գնահատվում: Նրա խոսքով` որդին պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար չի զղջում, ավելին` պատմել է, որ ինքն իրեն չէր ների, եթե չսպաներ նրան, քանի որ այդ ադրբեջանցին վիրավորել է հայերին:

«Ասում էր`նամուսս չէր ների` ես գնամ հայի համար կռվեմ, ինքը հայերին տենց վիրավորի: Ինքը թուրքերին սաղ-սաղ բռնել ա, գերիների հետ ա փոխել: Վիրավոր պառկել է հիվանդանոցում, 3 ամսից հիվանդանոցից փախել, նորից գնացել կռվել է: Էդպես շատ լավ տղա ունեմ: Հիմա ամբողջ աշխատակազմը զարմանում է, ասում են` 19 տարվա նստած ա, մի վատ վատ բան չենք տեսնում: Էդ ինչ խելոք ջիգյարով տղա ունեք»,-ասաց Զինա Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1995 թ. Երեւան-Կապան մայրուղու վրա Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:

Մարտի 1-ին Սողոմոն Քոչարյանի դուստրը ինքնասպանություն էր գործել, սակայն հորը թույլ չէին տվել մասնակցել դստեր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը`պատճառանելով, որ  օրենքն արգելում է ցմահ դատապարտյալների կարճաժամկետ բացակայությունները ՔԿՀ-ից:

Նշենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հետաքննություն էր անցկացրել, պարզել, որ մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանը համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն: «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հարցազրույցում դատախազը նշել էր, որ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գեւորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայաստանում Իրանի դեսպանը: Նա սպառնացել էր հակառակ դեպքում քաղաքական սկանդալ բարձրացնել:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Դատախազությունը մերժել էր վերանայման վարույթ հարուցել: Սողոմոն Քոչարյանի փաստաբան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը դատախազության որոշումը վիճարկել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Նա պահանջել էր վերացնել ՀՀ գլխավոր դատախազության 2014 թ. մայիսի 31-ի որոշումը եւ պարտավորեցնել նոր երեւան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ: