Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կնոջ հետ  «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր ուղեկցեց իր 6-ամյա որդուն:

Ազգային ժողովի փոխնախագահի որդին՝ Հովսեփը, թեեւ նոր է դպրոց հաճախելու, բայց արդեն որոշել է՝ ինչ մասնագետ դառնալ:

«Ինքը ուզում է ոստիկան դառնալ, հորեղբոր նման, բայց էս տարիքում չես կարող ասել: Կարեւորն այն է, որ լավ մասնագետ լինի, միջին չլինի՝ կլինի վարսավիր, կլինի դիրիժոր, կլինի ոստիկան, կլինի դասախոս, կլինի իրավաբան, թող լինի լավագույնը»,- NEWS.am-ին պատմեց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ որդուն երկու խորհուրդ է տվել՝«լավ սովորել եւ լավ քաղաքացի լինել»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իր երեխաներին չի խանգարի հասարակության մեծ ուշադրությունը: «Իրենց նկատմամբ ավելորդ ուշադրություն հիմա չկա: Մեր երեխաները դա պետք է չզգան: Իսկ առհասարակ պաշտոնյաների երեխաները, երբ որ ավելի հասուն լինեն, պետք է գիտակցեն, որ դա ոչ թե ավելորդ իրավունքներ են, այլ ավելորդ պարտականություններ»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ շնորհավորելով կրթական ոլորտի աշխատակիցներին, առաջին դասարանցիներին, ուսանողներին:

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ թեեւ դպրոցը փոխվում է, բայց կրթության հանդեպ սերը չի պակասում. «Նոր մարտահրավերներ կան, նոր արժեքային համակարգ կա, բայց, փառք Աստծո, Հայաստանը այն պետություններից է, որտեղ կրթությանը շատ մեծ տեղ են հատկացնում: Մեզ մոտ կրթության հանդեպ սերը պաշտամունքի է հասնում: Վայ էն պետությանը, որտեղ ղեկավարներն ու հասարակությունը մեծ տեղ չեն հատկացնում կրթությանը»: