Երեւանում մի քանի մեծահարուստների բնակարաններում ու առանձնատներում ավազակային հարձակումներ կատարելու համար մեղադրվող ամբաստանյալները, «Բանդայի գործով» դատական հերթական նիստին այսօր` սեպտեմբերի 3-ին, գործով իրեղեն ապացույցների հետազոտության ժամանակ ժխտեցին, որ որպես իրեղեն ապացույց ցուցադրված դիմակները, ձեռնոցները, հեռախոսները եւ մնացած իրերը պատկանում են իրենց կամ երբեւէ տեսել են:
Դատավորը ցուցադրեց ամբաստանյալների մեքենայում հայտնաբերված իրերը, այդ թվում՝ տուժող, նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին պատկանող Sony ֆոտոխցիկը։
Ամբաստանյալ Դավիթ Գալստյանը ֆոտոխցիկի ցուցադրության ժամանակ հայտարարեց, որ նախաքննության ժամանակ ֆոտոխցիկի մասին խոսք չի եղել, եւ ինքը չի հասկանում՝ ինչպես կարող էր դա հայտնվել գողացված իրերի շարքում:
Դատարանում ներկայացվեցին նաեւ ամբաստանյալներին պատկանող «Մերսեդես» մակնիշի մեքենայից գտնված բջջային հեռախոսները: Ամբաստանյալները պնդեցին, որ հեռախոսներն իրենց չեն պատկանում:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը դժգոհեց, որ այդ իրերը որպես իրեղեն ապացույցներ են դատարանում ներկայացվում. «Ինչո՞ւ են սրանք իրեղեն ապացույց ճանաչվել: Սրանք ոչ մի բանի վրա լույս չեն սփռում»:
Մեղադրող Սասուն Խաչատրյանը հակադարձեց. նախաքննության ընթացքում ամբաստանյալներն ասել են, որ իրենք պարբերաբար գնել են նոր հեռախոսներ և նոր SIM քարտեր, իսկ նախաքննության ընթացքում դրանք չներկայացնելն արվել է գաղտնիության նկատառումով՝ քննչական գործողությունները չվնասելու համար:
Երբ դատարանը ներկայացրեց տուժողների հագուստները,ամբաստանյալ Դավթյանը բարկացած դիմեց դատավորին. «Էդքան միլիոններ են կորել, ինչի՞ են էս շոր-մորերը բերել էստեղ»:
Իրեղեն ապացույց ճանաչված դիմակների, ձեռնոցների հետ միասին դատարանը ցուցադրեց որպես դիմակ օգտագործված գուլպաներ՝ անցքերով։ Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը հայտարարեց, որ դրանք նման չեն այ դիմակներին, որոնք բերման ենթարկվելուց հետո ոստիկանները հագցրել են իրեն։
Նշենք, որ բանվորական ձեռնոցները, որոնք դատարանում ներկայացվեցին որպես ավազակային հարձակումների ժամանակ ամբաստանյալների կողմից օգտագործված ձեռնոցներ, տուժող, «Լինսի» հիմնադրամի պատասխանատուներից Էդուարդ Բեզոյանի որդին՝ Կարեն Բեզոյանը չճանաչեց՝ նշելով, որ իր տեսած ձեռնոցներն ավելի մուգ են եղել։
Պաշտպան Հովիկ Արսենյանը դատավորին խնդրեց իրար կողքի շարել բոլոր դիմակները, ապա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ յուրաքանչյուր դիմակի վրա առկա է միայն մեկ հոգու քրտինքը` ըստ նախաքննական մարմնի: Պաշտպանը բացառեց, որ ամեն անգամ նույն դիմակը նույն ամբաստանյալն է կրել, քանի որ բոլոր դիմակները միանման են. «Ինչպե՞ս են ամբաստանյալներն իրենց դիմակը ճանաչել: Չէր կարող միանշանակ այնպես լինել, որ յուրաքանչյուրն ամեն անգամ նույն դիմակը կրեր: Սա աճպարարություն է, մեր ազգն այնքան խելոք է, որ ամեն բանի հավատում է»:
Ամբաստանյալ Դավիթ Մանուկյանն էլ հայտարարեց, որ իրենց ձերբակալման օրը գունավոր դիմակներ են ցուցադրվել «02» հաղորդման պատրաստած տեսանյութում, որոնք դատարանում ցույց տված դիմակներին նման չեն եղել:
Սպորտային պայուսակը, որը իրեղեն ապացույց էր ճանաչվել, ամբաստանյալները նույնպես չճանաչեցին:
Արտուշ Հակոբյանը հերքեց նաեւ, որ դատարանում ներկայացված մարիխուանան իր մեքենայից են առգրավել։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։











