Պուտինյան ռեժիմից ազատվելու հետ մեկտեղ Հայաստանը պետք է արագացնի Եվրամիության հետ մերձեցումը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը բողոքի երթ էր կազմակերպել դեպի նախագահի նստավայր՝ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջելով կամ հրաժարվել ՄՄ անդամության ճանապարհից կամ հրաժարական տալ։

«Մենք ոչ միայն պետք է ձերբազատվենք պուտինյան ռեժիմի ճիրաններից, այլեւ մեզանից կախված ամեն բան պետք է անենք, որպեսզի արագացնենք Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի խոսքով, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, որովհետեւ 2013 թ. նախագահական ընտրություններում նա ընտրվել է որպես եվրոպամետ թեկնածու, իսկ հիմա հրաժարվում է դրանից:

 «Նախագահական ընտրություններից առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Վիլֆրիդ Մարտենսից ինքը ստացավ ուղերձ, որում ասվում էր՝ հայեր, վստահեք Սերժ Սարգսյանին: Ձեր ձայնը տվեք նրան, որովհետեւ նա ԵԺԿ-ի հետ համագործակցող կազմակերպության ղեկավարը լինելով` ձեզ բերելու է Եվրոպա: Եվ Սերժ Սարգսյանը ընտրվեց որպես եվրոպամետ նախագահ»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, որ, եթե Սերժ Սարգսյանը հիմա եվրոպամետ չէ, պարտավոր է ասել, որ սխալվել է, կամ ներողություն խնդրի, հեռանա. «Հասարակ ժողովրդական լեզվով դա կոչվում է ստել սեփական ժողովրդին»: