Օգոստոսի 13-ից Երեւանի Վերին Շենգավիթ 11 փողոցն ամբողջությամբ ջրազրկված է: Բնակիչները բողոքում են հակահիգիենիկ պայմաններից եւ «Երևան Ջուր» ՓԲԸ-ից:

11 փողոցի տների մի մասի ջրի խողովակները միացված են հարակից 10 փողոցին, մյուս հատվածի տների խողովակները՝ Մանթաշյան փողոցին: 11 փողոցը ջրազրկվել է, երբ Մանթաշյան փողոցում նոր ջրագիծ են անցկացրել ու դրան չեն միացրել 11 փողոցի տների խողովակները։ «Երևան Ջուր»-ը բնակիչներին պարտադրում է սեփական ուժերով եւ միջոցներով ջրագիծ անցկացնել, ինչին նրանք դեմ են:

«Մենք գնացինք ջրմուղ, մեզ Օհանյանն ասեց՝ եթե պլան ունեք հաստատված, ջրագիծ կքաշվի: Պլանը տարանք, ինքը ասեց՝ դուք գոնե մեզ օգնեք, գնեք խողովակները, ասֆալտի հարցերը լուծեք, բանվորը, տրակտորը մնացած մյուս հարցերը մենք կլուծենք: Երեւի չէր սպասում, որ կհավաքենք փողը, բայց մենք ասֆալտի հարցը լուծեցինք: Ու քանի որ ախորժակը ուտելիս է բացվում, տեսավ, որ խողովակների փողը հավաքեցինք, հիմա ասում ա՝ ոչ , ես պատասախանատու չեմ, դուք եկեք, դիտահորերը փորեք եւ բանվորների գումարը վճարեք, հաշվիչներ տեղադրեք: Մեր հարեւանը իրան այն ժամանակ ասել էր՝ տղամարդու խո՞սք ես տալիս, ասել էր՝ հա, հագս շալվա՞ր չի: Ու մենք որոշել ենք մի հատ յուբկա կարենք, նվիրենք իրան»,- վրդովված պատմեց Մարիամ Հովհաննիսյանը։

20 օր առաջ «Երևան Ջուր»-ը բնակիչներին տեղեկացրել է, որ երկու ժամով ջուր չեն ունենա, բայց ծորակներից ջուր չի հոսում մինչեւ այսօր:

Ջրի խնդրի լուծման վերաբերյալ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի առաջարկները քաղաքացիները խելամիտ չեն համարում:

«Այստեղ սեփական տներ են, որի բակերում ապրում են բազում ընտանիքներ, իրենք առաջարկում են այդ ընտանիքների համար դրվի մեկ ընդհանուր հաշվիչ ու լինի մեկի անունով, մյուսները դնեն ենթահաշվիչներ: Բայց եթե ամսվա վերջին մեկը չվճարեց գումարը, ու ենթադրենք՝ ես դարձել եմ պատասխանատու, պետք է ես վճարեմ մյուսների փոխարեն: Սա համարվում է միջհարեւանական ջարդ, հետո թուրքերին եք ասում: Ու մեկի անպատասխանատվության համար հնարավոր ա՝ ջուր չեն ունենա բոլորը: Ամեն բակում մինիմում 5 ընտանիք կա, որոնք ունեն հիմա առանձին հաշվիչներ»,- բողոքում էր Մարիամ Հովհաննիսյանը:

Առանց ջրի մնացած Վերին Շենգավիթի 11 փողոցի բնակիչների մի մասը 20 օր է՝ ջուր է խնդրում հարեւաններից եւ հավաքում տարաների ու շշերի մեջ: Ամառվա շոգ եղանակին նրանց հավաքած ջուրը չի բավականացնում անգամ խմելու համար, նրանք ջուր չունեն լողանալու, հիգենիկ պայմաններն ապահովելու համար: