Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվող Դավիթ Վարդանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը լսելուց առաջ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վերջին խոսքի հնարավորություն ստացավ, որում պնդեց, որ թմրանյութը գնել է միմիայն սեփական օգտագործման, ոչ թե իրացնելու նպատակով։
«Ինչ եղել ա, եղել ա հանրապետության սահմաններում, ես այդ թմրանյութը ձեռք եմ բերել Ագարակում՝ իմ օգտագործելու համար։ Ես զղջում եմ իմ արարքի ու իմ ընտանիքին խայտառակելու համար, էդ պրոբլեմը դեռ Ամերիկայից եմ ունեցել, բայց կալանավայրում շատ մտածելու բան եմ ունեցել, և կյանքս շարունակելու եմ առանց դրա։ Բայց ինչ որ եղել ա, մաքսանենգություն չէր, ես սահմանով ոչ մի բան չեմ անցկացրել»,- ասաց Դավիթ Վարդանյանը։
Դատապաշտպան Վահան Հայրապետյանը մեր թղթակցին հայտնեց, որ իր աշխատանքային գործունեության մեջ դեռ չի հանդիպել մաքսանենգության գործի, որի ընթացքում մաքսավորները չքննվեն ու նախաքննությանը չմասնակցեն։
«Ամեն մաքսանենգության դեպքում անպայման գործը սկսում են մաքսային տնից, մաքսատան զննությունից, մաքսավորների քննությունից: Այս գործում ոչ մի մաքսավորի չկանչեցին դատարան, որովհետև պիտի ճիշտը բացահայտվեր, ես չգիտեմ՝ ում ինչ վատություն են ուզում անել, բայց ինչ կտրվածքով էլ այսօր վճիռը հրապարակվի, ես այդ մասին Վերաքննիչ բողոք եմ ներկայացնելու, որ ապացույցները ներկայացնեն»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Վահան Հայրապետյանը:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և արդեն րոպեներ անց կներկայացնի դատավճիռը:
Նշենք, որ դատախազը 4 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկում է պահանջել Դավիթ Վարդանյանի համար։
Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:











