Արդեն չորս տարի պարապուրդի մատնված եւ իրենց աշխատած 18 ամիսների աշխատավարձերը դեռ չստացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հույսը կտրել են եւ մտադիր են արտագաղթել, քանի որ աշխատանք չունեն եւ չեն կարողանում ապրել Հայաստանում: Նշենք, որ գործարանն աշխատակիցներին դեռ պարտք է 13 միլիոն դոլար:

«2500 հոգի աշխատող ունենք, ի՞նչ պիտի անեն, ասում են՝ մի գնացեք օտար երկիր, ո՞նց չգնան, որ այդքան մարդ անաշխատանք է մնացել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» հերթափոխի վարպետ Գայանե Մխիթարյանը, որն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հարյուրավոր գործընկերների հետ հավաքվել էր կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հստակ պատասխան տալ «Նաիրիտի» վերագործարկման եւ իրենց աշխատավարձերի վճարման ժամկետների վերաբերյալ։

Նա նշեց, որ իրենց հիմնական պահանջը գործարանի վերագործարկումն է, հետո նոր աշխատավարձերի վճարումը. «3 ամիս է՝ խաբում են, լույսը, ջուրը, գազը ամսի 20-ը գալիս է, գալիս, անջատում են, իրանք վարձ չեն մուծում, դրա համար էլ չեն մտածում: Մեզ պետք չի, որ ողորմելի փողեր տան, մեզ պետք է որ գործարանը աշխատի, քանի որ բոլոր աշխատողներն էլ կարիքավոր են: Ինչի՞ «Նաիրիտի» աշխատողը պիտի չկարողանա բժշկի գնա, մնացել է օդի համար էլ վարձ ուզեն մեզանից: Ինչի՞ է պետությունը ժողովրդին խաբում, ու խաբելով առաջ են գնում»,- ասաց Գայանե Մխիթարյանը:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ Էներգետիկայի նախարարը իրենց խոստացել է մինչեւ սեպտեմբերի 15-ը վճարել մեկ ամսվա աշխատավարձ, ներկայացնել փաթեթ, թե ինչպես են վճարելու աշխատավարձի մնացած մասը, նաեւ խոստացել է որոշակի լուծում առաջարկել գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ:

«Կսպասենք մինչեւ սեպտեմբերի 15-ը, եւ հետո կորոշենք մեր անելիքները»,-հավելեց նա:

Նշենք, որ Զախարյանն այսօր նաեւ հայտարարել է, որ «Ռոսնեֆթ» ԲԲԸ-ն «Նաիրիտ» գործարանում ներդրումների հնարավորությունն այլեւս չի դիտարկում: Ռուսական կոնցեռնը կորցրել է «Նաիրիտի» վերականգնման նախագծի շուրջ իր հետաքրքրությունը, եւ այժմ կառավարությունը ձեռնարկությունը գործարկելու այլ տարբերակներ է փնտրում:

Նշենք, որ 4 տարի է, ինչ «Նաիրիտը» չի աշխատում: