15-ամյա պատանուն մահվանը հանգեցրած մասնագիտական անբարեխղճության մեղադրանքով կալանավորված «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի ազատ արձակելու պահանջով այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պիկետ է կայացել Լոռու մարզպետարանի դիմաց։ Պիկետին բժշկի հարազատներից բացի մասնակցում էին նրա նախկին հիվանդները, որոնք բոլորը պնդում էին, որ Վլադիմիր Ղուկասյանը բազմափորձ վիրաբույժ է, բարեխիղճ եւ հոգատար եւ նրա դեմ մեղադրանք առաջադրելն անարդար է։

Պիկետին չէին մասնակցում Լոռու մարզի բուժհաստատությունների աշխատակիցները, ինչը նրա կնոջ՝ Զոյա Լալայանի խոսքով վերևից ճնշման արդյունք է. «Ես բոլորին տեղեկացրել եմ այսօրվա ակցիայի մասին, բայց կա երրորդ կողմ, որը շատ է շահագրգռված այս գործով, ու նրանք ունեն այդ հնարավորությունը, որպեսզի թույլ չտան բուժաշխատողներին մասնակցել այս հավաքին»:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որը խոստացավ հնարավորության սահմանում օգտակար լինել։

Հիշեցնենք՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը մեղադրվում է մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ հիվանդի մահն առաջացնելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2013թ. հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած դանակահաության գործի նախաքննության շրջանակներում կատարված 2 դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների հիման վրա:

Հիշեցնենք՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին՝ երեկոյան 19:30-ի սահմաններում, կրծքավանդակի ձախ հատվածում՝ սրտի մոտ, սուր ծակող-կտրող գործիքից ստացած վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված 15-ամյա Դավիթ Հովակիմյանը մահացել էր։ Տղան Երևանի բնակիչ էր և Վանաձոր էր ժամանել՝ ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար, իսկ այդ օրը ընկերների հետ նշելիս են եղել իրենց թիմի հաղթանակը:

Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե տղաները վիճել են իրենց ինչ-որ հասակակցի հետ, որն էլ դանակահարել է Դավիթին: Ու թեև Վանաձորում լուրեր էին պտտվում, որ սպանությունը կատարողը Վանաձորի ԱԱԾ աշխատակից Արտակ Բաբայանի անչափահաս որդին է, ով նույնպես զբաղվում է սպորտով, դեպքից 3 օր անց Վանաձորի ոստիկանությունը սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալեց «Քուրդ» մականունով, նախկինում 2 անգամ դատված վանաձորցի, 22-ամյա Կարեն Կունգորցևին, որն արդեն տևական ժամանակ կալանավորված է, բայց իրեն մեղավոր չի ճանաչում: