Արարատի մարզի Խաչփառ գյուղում ապրող Խաչատուրյանների ընտանիքի 4 մանկահասակ երեխաների մոտ մաշկային հիվանդություն է առաջացել, որի պատճառը, ըստ ծնողների, գյուղի խմելու ժանգոտված ջուրն է։

«Երեխայի վրա փոքր բաց վերք կար, երբ ջուրը տվեցին, երեխեքին լողացրինք, վերքը շատացավ, գրգռվեց, սեպտեմբերի 1-ին տարանք հիվանդանոց, ասեցին՝ ջրից է։ Հետո վարակվեցին մյուս երեխեքը։ Ջուրն ահավոր ժանգոտված է, կաթնային համով եւ անգամ լվացվել չի կարելի, օրը երեք անգամ գնում, Բանգլադեշից ջուր ենք բերում»,- NEWS.am-ի թղթակցին ետ զրույցում բորբոքված պատմեց հիվանդ երեխաների մայրը՝ Նարինե Գյուլիկյանը։

Համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը հաստատեց, որ գյուղի ջուրն աղտոտված է. թե Արարատի մարզպետարանը, թե համայնքը սպասարկող «ՀայՋրմուղ» ՓԲԸ-ն խնդրի մասին տեղյակ են, բայց ոչ մի միջոց դեռ չեն ձեռնարկում։

«Բացի ջրի քիչ լինելուց ունենք ջրի որակի խնդիր, քանի որ ջուրն անցնում է մի տարածքով, որը վարակազերծելու հնարավորություն չկա, միակ բանը, որ պետք է արվի, այդ հատվածում ջրի խողովակաշարը փոխելն է։ Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ եթե այդ ջրագիծը չփոխվի, ամբողջ գյուղը հնարավոր է թունավորվի»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչփառ համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը։

Երկամյա Գոռի եւ չորսամյա Կարենի մայրն էլ պնդում է, որ երեխաների մաշկային հիվանդությունը կապված է ջրի հետ։

«Ես դա կապում եմ ջրի հետ, քանի որ երեխեքի մոտ դնչի հատվածում եղել է երկու-երեք բշտիկ, եւ ջուրն այդ օրը շատ ժանգոտ եկավ, մենք չէինք նկատել, երեխեքը լվացվեցին, ու այդ կեղտոտ ջուրը գրգռեց երեխեքի մաշկը եւ ամբողջ վզի տակով տարածվեց դուրս տվածը»,- ասաց Ջավահիր Ստեփանյանը։

«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացառում են ջրի պատճառով նման մաշկային հիվանդության առաջացումը՝ պատճառաբանելով, որ նմանատիպ բշտիկներ առաջանում են թույլ դիմադրողականության հետեւանքով։

«Երեխաների մոտ առկա է ինֆեկցիա, որն առաջացել է մաշկի ամբողջականության խանգարման արդյունքում, փոխանցվում է կոնտակտակենցաղային ճանապարհով, եւ կապված է սնուցման խանգարման, վիտամինի դեֆիցիտի, բայց ոչ ջրի հետ»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը։

Այնուամենայնիվ, սանէպիդկայանից գյուղացիների բողոքի հիման վրա ջրից նմուշ են վերցրել, եւ խոստացել են երեք օրից ներկայացնալ հետազոտության արդյունքները։

Խաչատուրյանների երկու երեխաներն այս պահին մոր հետ հիվանդանոցում են, մյուս երկուսին բժիշկները հորդորել են նույնպես հոսպիտալացնել։