Վանաձորի «Հայքի» հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, 88-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած Սպիտակի տարածաշրջանի գյուղական համայնքների մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ «Գլենդել Հիլզը» վերջապես կառուցի եւ շահագործման հանձնի իրենց տները: Նրանց խոսքով՝ «Գլենդել Հիլզը» չի կատարում աղետի գոտում բնակարանների շինարարության իր պարտավորությունները, ինչի հետեւանքով բնակիչները մինչեւ այժմ ժամանակավոր տնակների մեջ են ապրում:
«26 տարի դոմիկների մեջ ենք ապրում, քանի անգամ նամակներ ենք ուղարկել քաղաքաշինության նախարարություն, ոչ մի պատասխան չկա: Խոստացել էին դեկտեմբերին հանձնեին, բայց ոչ մի շինարարություն մինչեւ հիմա չի իրականացվել, 5 տարի է՝ ձգձգում են»,- NEWS.am-ի Լոռու մարզի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղացիների խոսքով՝ հինգ տարի առաջ սկսած շինարարությունը «Գլենդել Հիլզը» ոչ մի կեր ավարտին չի հասցնում. «Պատը որ ձմեռ, գարնանը մնա անձրեւի ու ձյան տակ, ժանգոտած արմատուրան էլ բետոն չի պահի։ Սա պետական հանցանք է։ Աղետը նորից կրկնվում է»։
Նրանք նշեցին, որ վերջին անգամ են այս հարցով դիմում մարզպետին, հաջորդ անգամ ավելի վճռական գործողությունների են դիմելու՝ փակելու են միջպետական նշանակության ճանապարհները:
Նշենք, որ «Գլենդել Հիլզը» խոստացել էր մինչեւ տարեվերջ շահագործման հանձնել 255 տուն, սակայն մինչեւ հիմա շինարարությունը դեռ չի սկսել։
Բնակիչները պատմեցին, որ իրենց հետ կազմակերպությունը մի քանի անգամ պայմանագրեր է կնքել, սակայն ամեն անգամ խախտել է իր պարտավորությունները:
«Կառավարությունը գումարներ է հատկացրել այդ շինարարության համար, որտե՞ղ են այդ գումարները: Ամռան ամիսներն էլ վերջացան, էլ ե՞րբ է շինարարություն իրականացվելու»,-ասաց բնակիչներից մեկը:
Գյուղացիներից ոմանք էլ ասացին, որ իրենք ներքին կարգով համաձայնության էին եկել «Գլենդել Հիլզի» հետ, որ իրենց միջոցներով կկառուցեն իրենց տները, իսկ կազմակերպությունը կփոխհատուցի այդ գումարը։ Գյուղացիները պարտքով կամ վարկով գումար են վերցրել կառուցել տները, սակայն մինչեւ հիմա կազմակերպությունը ոչ մի գումար չի փոխահատուցել եւ հրաժարվում է փոխհատուցել։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը բողոքող գյուղացիներին խոստացավ այսօր եւեթ խոսել ծրագիրը իրականացնողների հետ եւ արդյունքների մասին տեղեկացնել գյուղացիներին։











