Վարդենիսի զորամասերից մեկում 2007թ. օգոստոսի 30-ին մահացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Օհանջանյանի ծնողները չեն հավատում իրենց որդու մահվան պաշտոնական վարկածին, այն է՝ էլեկտրահարում: Նրանք պնդում են, որ իրենց որդուն ծեծելով սպանել են գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի թիկնապահները: Տիգրանի ծնողները՝Գոհար Սարգսյանն ու Սուրեն Օհանջանյանը, արդեն 7 տարի պայքարում են, որպեսզի պարզեն իրականությունը:
«2007թ. օգոստոսի 30-ին քուն հրամանից հետո իբր իմ տղան դուրս է եկել զորանոցից, 500 մետր գնացել է ռազնոց՝ մարզակոշիկ բերելու, իսկ էդ ռազնոցը գործի փաստերով պարզվում է, որ իրենց ՀԱԿ-ն է (խմբ. КПП): Էդ ժամանակ կորպուսի հրամանատարը Հայկազ Բաղմանյանն է եղել, նրա ախրանի պետի անունն էլ Ռազ է եղել, ու այդ սենյակը, որտեղ նրանք հանգստանում էին, կոչվում էր ռազնոց, ու ոչ մի ՀԱԿ այդտեղ չի եղել: Իմ տղայի դին գտել են այդ պատուհանի տակ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոհար Սարգսյանը՝ նշելով, որ պաշտոնական վարկածը, ըստ որի, իր որդին էլեկտրահարվել է, չի հաստատվել, եւ մեղադրյալները՝ կապի հանգույցի պետն ու սերժանտը, արդարացվել են:
Մահացած զիծառայողի մայրը նշեց, որ պաշտոնական վարկածը չհաստատվելուց հետո իր որդու գործը նորից հետ է ուղարկվել զինվորական դատախազություն, արդեն 4 տարի քննություն է անցկացվում, սակայն ոչ մի նորություն դեռ չկա:
«Տիգրան Օհանջանյանի գործով ոչ ոք դեռ չի պատժվել, տղայիս մահվան պաշտոնական վարկածը եղել է էլեկտրահարումը, եւ Վճռաբեկ դատարանով արդարացվել են մեղադրյալները: Ի սկզանե դեպքի վայրում հոսանք չի եղել եւ գործի հիմքը ձեւական է եղել: Մենք զինվոր ենք տվել հայրենիքին, բայց նրանք հոշոտել են»,-ասաց Գոհար Սարգսյանը:
Տիկին Գոհարի խոսքով՝ իր որդու հագուստը պատառոտված է եղել, մարմնի վրա էլ բազմաթիվ վնասվածքներ են եղել, ինչը չէր կարող էլետկրահարումից առաջանար:
«Իմ տղայի վրա մարմնական վնասվածքներ կային, որոնք դատաբժիշկը չի արձանագրել, եւ 6 տարի անց միայն փորձագիտական եզրակացությունը պարզեց, որ դիահերձարանում մեր արած նկարները մոնտաժված չեն»,- ասաց մահացած զինծառայողի մայրը:
Տիգրան Օհանջանյանի հոր խոսքով՝ իր տղայի գործը դատարան մտնելու հենց առաջին օրվանից ինքը պնդել է, որ իր տղային սպանել են Հայկազ Բաղմանյանի թիկնապահները. «Քննիչները եւ գործով դատախազը ինձ միշտ ասում էին, որ Հայկազ Բաղմանյանը թիկնապահեր չունի, բայց երբ դատարանում վկաներից մեկին հարցրի՝ իմ տղան քանի՞ մետր հեռավորության վրա էր ընկած թիկնապահների սենյակից, պատասխանեց՝ 2-3 մետր հեռավորության վրա, դատախազը տեղից վեր թռավ՝ ո՞նց, ի՞նչ թիկնապահ, դատավորն ասաց՝ արդեն ասել է, հիմա պիտի թվարկի թիկնապահերի անունները, եւ նա թվարկեց 4 հոգու անուն, 3 հոգու անուն էլ մյուս վկան տվեց»:
Մահացած զինծառայողի հայրը նշեց, որ իր որդին կոնֆլիկտ է ունեցել Բաղմանյանի թիկնապահերից մեկի հետ, հենց նա էլ հաշվեհարդար է տեսել. «Իմ տղան ֆիզիկապես պատրաստված էր, նրան չէին կարող զինվորները ծեծել, իսկ Բաղմանյանի թիկնապահները պատրաստված եզներ էին, իմ կասկածանքը նրանց վրա է ընկնում, նրանք իրենց շքախմբով են կատարել այդ հանցագործությունը»,-ասաց Սուրեն Օհանջանյանը:
Ծնողները պատմեցին, որ դեպքի ժամանակ իրենք Ռուսաստանում են եղել, իրենց որդուն էլ Հայաստան էին ուղարկել ծառայելու:
«Եթե թշնամու գնդակից զոհվեր, այստեղ չէի լինի, կհպարտանայի, իսկ իմ տղային սպանել են հայ թուրքերը: Մինչեւ մահ պայքարելու ենք ճշմարտությունը պարզելու համար»,-ասաց Գոհար Սարգսյանը:











